Search
Close this search box.

Ինչպես ձերբազատվել ոտքի կոշտուկներից

Նկարագրություն

Կոշտուկը մաշկի եղջերաթաղանթի սահմանափակ հաստացումն է` երկարատև ճնշումից կամ շփումից:

Պատճառներ

Կոշտուկը հաճախ առաջանում է ձեռքերի վրա` առանց թաթմանների ֆիզիկական աշխատանք կատարելիս կամ գործիքներով ճնշվելիս (օրինակ` կոշկակարների մոտ), և ոտքերի վրա` անհարմար, ոչ ճիշտ ընտրած կոշիկներ հագնելիս:

Պաթոգենեզ

Ոտքերի ներբանների, մատների, միջմատնային ծալքերի վրա գոյացող կոշտուկները հաճախ ցավոտ են և դժվարացնում են քայլելը: Դրանց մակերևույթին գոյացող ճաքերի մեջ կարող են մանրէներ ընկնել, առաջացնել կարմիր քամուն բնորոշ բորբոքում, ֆլեգմոն և այլ հիվանդություններ:

Բուժում

Կոշտուկը ի հայտ գալիս պետք է վերացնել պատճառը և, եթե անհրաժեշտ է, հեռացնել այն: Կոպտացած մաշկը փափկացնում են ամենօրյա տաք օճառասոդային կամ կալիումի կարբոնատ (պոտաշ) պարունակող տեղային լոգանքներով (1 լ ջրին` 1 թեյի գդալ նատրիումի հիդրոկարբոնատ կամ կալիումի կարբոնատի 10 %-անոց լուծույթ և օճառի շերտիկ): Դրանից հետո կոշտուկի վրա դնում են եղջերային շերտը փափկացնող միջոցներ (կոշտուկային սպեղանի կամ հեղուկ, կենսածառի թուրմ կամ հալվեի տերևի միջուկ): Կոշտուկը շրջապատող առողջ մաշկը չգրգռելու համար կպչուն սպեղանու մի կտորի վրա, որը կպցնում են մաշկին, կոշտուկի չափին համապատասխանող անցք են բացում, այնուհետև կոշտուկի վրա դնում են քսուք կամ կոշտուկային սպեղանի և մաշկի ամբողջ հատվածը ծածկում կպչուն սպեղանու կտորներով: 24 ժամ անց փափկած եղջերաթաղանթն զգուշորեն քերում են սպիրտով կամ օդեկոլոնով նախապես վարակազերծած մկրատով: Հարկավոր է խուսափել մաշկը կտրելուց, որը կարող է հանգեցնել կոշտուկի վարակման. մաշկը կտրելու դեպքում այն մշակում են յոդի սպիրտային լուծույթով կամ ադամանդականաչով: Փափկած կոշտուկը քերելուց հետո խորհուրդ է տրվում սնուցող քսուքներով կոմպրես դնել:

Բուժարարողությունները կրկնում են մի քանի անգամ, մինչև կոշտուկի լրիվ հեռացումը: Ցավոտ կոշտուկի ժամանակ կարելի է օգտագործել թարմ կարտոֆիլի հյութ. թարմ կարտոֆիլը լվանալ, կեղևը մաքրել և քերել, ստացված խյուսը քսել մի քանի շերտ թանզիֆի վրա, դնել կոշտուկի վրա և բինտով կապել: Եթե նշված միջոցները չեն օգնում, ինչպես նաև առկա են բազմաթիվ կոշտուկներ, հարկավոր է դիմել բժշկի:

Կանխարգելում

Կոշտուկի կանխարգելման նպատակով հարկավոր է հագնել հարմար կոշիկներ, իսկ ֆիզիկական աշխատանքի ժամանակ` թաթմաններ: Կարևոր է նաև ձեռքերի և ոտքերի մաշկի ճիշտ խնամքը:

Doctors.am

Please enter a valid URL