Search
Close this search box.

Ադրբեջանում քննարկում են ադրբեջանցի փախստականների՝ Երևան վերադարձը

Նախօրեին մեծ շուքով Բաքվում նշեցին, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստաալիքի բացումը։ Մեր ընթերցողները երևի արդեն տեղյակ են, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով Բաքվում հասկանում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Հեռուստաալիքը հերթական տեսանյութն է թողարկել, որի թեման բավականին հետաքրքիր վերնագիր ունի՝ «Իրէվանում մեծ պատրաստություն են տեսնում ադրբեջանցի փախստականների՝ Արևմտյան Ադրբեջան վերադարձին ընդառաջ»: Ու չնայած այս հեռուստաալիքով Ալիևը ոչ միայն ներքին լսարանին ուղղված գաղափարական, քարոզչական ու այլ հարցեր է լուծում, այս հեռուստաալիքի կոնտենտը նաև դրսի հետ տարվող աշխատանքներում՝ ՀՀ սուվերեն տարածքը որպես ադրբեջանական հողեր ներկայացնելու լեգիտիմացման միջոց է, իսկ ինչո՞ւ ոչ, եթե ՀՀ վարչապետ Փաշինյանը պատրաստ է արագ տեմպերով իրականացնել Բաքվի բռնապետի ցանկացած որոշում։

Եվ այս հայտարարության հիմքը, ինչպես հայտնում է ադրբեջանական Oxu.az-ը, Ալիևը՝ մայիսի 1-ին խորհրդանշական՝ «Երկխոսություն խաղաղության և հանուն աշխարհում անվտանգության» թեմայով ֆորումի ժամանակ է հնչեցրել և ասել, որ Հայաստանի հետ խաղաղության մասով բանակցությունները վարվում են Ադրբեջանի կազմած փաստաթղթով։

Oxu.az-ի հաղորդմամբ, այդ փաստաթուղթը բաղկացած է հինգ կետերից, որը Երևանին Բաքուն ներկայացրել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի ներսում կոնֆլիկտների մեծացումը, Արևմտյան Ադրբեջանի հարցը ներքին օրակարգի կարևորագույն մաս է կազմում։ Ի՞նչ են ակնարկում ադրբեջանցիները, արդյոք Հաջիզադեի՝ մի քանի օր առաջ հնչեցրած միտքը, որ ՀՀ «օրինական իշխանությանը» օգնելու նպատակով թուրք-ադրբեջանական զորախումբ է պետք մտցնել Հայաստան՝ կապ ունի այս արտահայտած մտքի հետ։ Չլինի՞ մեզ ակնարկում են, որ քանի դեռ Հայաստանում մեկնարկած ու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի հասել վերջնական հաջողության ու իշխանափոխություն տեղի չի ունեցել՝ պետք է Հայաստանը վերածել Արևմտյան Ադրբեջանի՞։ Ու մինչ Փաշինյանը Բաքվի իր «շեֆի» գոհունակությունից ուրախացած հայտարարում է, որ Տավուշի սահմանազատումն, իսկ իրականում հողերի հանձնումը մեծ հաջողություն էր, զուգահեռաբար Բաքվում հինգ ամսով երկարացրին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետները, այնինչ թե վերջիններս, թե մյուս հայ ռազմագերիները վաղուց պետք է Հայաստան վերադարձված լինեին։ Բայց դե, Փաշինյանը համոզված է, մեր գերի եղբայրները «երկու ամիս» էլ Բաքվում կսպասեն։ Ու մինչ Փաշինյանը Հայաստանում առաջ է տանում հակահայկական պրոթուրքական քարոզչություն ու քաղաքականությունը, ադրբեջանական Բաքու TV-ն թողարկում է «Արևմտյան Ադրբեջանի քորնիկոնի» հերթական թողարկումը, որտեղ «Ինչո՞ւ է Սարդարապատը վերանվանվել Հոկտեմբերյան» հաղորդման ընթացքում Սարդարապատը ներկայացվում է որպես ադրբեջանական բնակավայր, որի անվանումը «հայաֆիկացվել է»։

Նշվում է նաև, որ հայերս իբր այդ տարածքում պարբերաբար էթնիկական զտումներ ենք իրականացրել Սարդարապատի մարզում։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ Փաշինյանի ու Ալիևի խաղաղության բանակցությունների մասին։

«Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL