Մայիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն։ Կողմերը քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ամենաթարմ քարտեզները, որոնք իրավաբանական հիմք ունեն, եղել են 1988 թվականին, թե ինչու են սահմանազատման հիմքում դրվել հենց 1976 թվականի քարտեզները՝ չի կարող ասել, հարցի հասցեատերն ինքը չէ։
«Վերջին քարտեզները 1988 թվականի Վլադիմիր Մովսիսյանի և Ադրբեջանի ստորագրած քարտեզն է, որով 16 հազար հեկտար Ադրբեջանը պետք է տարածք վերադարձներ Հայաստանին։
1976 թվականի քարտեզները Գլխավոր շտաբի քարտեզներն են։ Այդ քարտեզներով սահմանազատման արդյունքում Ադրբեջանին հանձնելու են, այսպես կոչված, «անկլավները», այդ թվում՝ Տիգրանաշենը, Սյունիքում Սև լճի մի մասը, գրեթե 15 տոկոսը, Սյունիքից որոշ հատվածներ։ Բայց գուցե իրենք այլ բա՞ն էլ են պայմանավորվել, չեմ կարող ասել։ Դեռ հարց է՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներն այդ ամենից հետո դուրս կգա՞ն, թե՞ ոչ»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։
Ըստ նրա, հայկական կողմն այդ ամենի արդյունքում կարող է միայն ունենալ, օրինակ, Ջերմուկի այն հատվածը, որն օկուպացրել են ադրբեջանցիները և առ այսօր գտնվում է նրանց հսկողության տակ: Բայց այդ հատվածի վերադարձ կարող է տեղի ունենալ միայն տարիներ անց։
«Սահմանազատումն ու սահմանագծումը տարիների խնդիր է։ 1976 թվականի քարտեզ, որ ասում են, դա այդ քարտեզների հերթական թարմացման տարին է եղել, բայց հետո էլ են թարմացվել, որոշակի փոփոխություններ եղել են՝ լեռնային հատվածների հետ կապված։ Պարզապես հենց 1976 թվականին ստեղծված քարտեզն են հիմք ընդունել։ Եթե ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները որոշել են նախկին վարչական սահմանները դարձնել միջպետական սահմաններ, ապա այլ քարտեզն է միայն նման բան ենթադրում»,- շեշտեց Ամատունի Վիրաբյանը։
Միաժամանակ պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրենն ընդգծեց, որ Սյունիքի մարզում կան գյուղեր, որտեղ Ադրբեջանն առաջ է եկել, 1976 թվականի քարտեզով այդ հատվածներից պետք է հետ գան, սակայն կրկին հարց է առաջանում՝ հետ կգնա՞, եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։
Ի դեպ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր «Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները ԽՍՀՄ-ում» գրքում հստակ ներկայացնում է Վլադիմիր Մովսիսյանի հուշերը, որտեղ հստակ նշված են 1988 թվականին ստորագրված արձանագրությունների արդյունքում Հայաստանին անցած տարածքները։ «Այդպիսով, Հայաստանը հետ ստացավ 14.450 հեկտար տարածություն, որից 2050-ը` Նոյեմբերյանի շրջանում, Դովեղի 1850 հեկտար հազվագյուտ ծառատեսակներով անտառի հետ միասին։
Սահմանների ճշգրտմամբ, Կապանին անցան մեկուկես հազար հեկտար հողեր, որոնց վրա ադրբեջանցիները տներ, անգամ ռեստորան էին կառուցել «Ադրբեջան» անունով: Շամշադինի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը այս միջոցառումից հետո վերադարձավ Հայաստանին»:
Շատ կարևոր է փաստել, որ սահմանային այդ հստակեցումները այնուհետև արձանագրվել են քարտեզներում ու հաստատվել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրություններով: Իսկ 1988 թվականի հունվարի 12-ին ստորագրվել է համատեղ արձանագրություն սահմանազատման մասին, որը հաստատվել է Ադրբեջանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովի և Հայաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Վ. Մովսիսյանի կողմից: Այդ արձանագրությունները ընդունվել են որպես հիմք հետագա հնարավոր հողային վեճերի պարագայում: