Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է։
«Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։
Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ։
Նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել է նախագծման, ապա՝ շինարարության թույլտվություն։ 2024 թ.-ի մայիսի 10-ի դրությամբ հողամասը պարսպապատված է, կառուցված են առանձնատան երկու հարկերը, ավտոտնակը, ժամանցի և հանգստի համար նախատեսված օժանդակ շինությունը։
«Հետքի» ձեռքի տակ առկա փաստաթղթերում երեւում է, թե ինչ տեսք է ունենալու առանձնատունը վերջնարդյունքում։ Առաջին հարկը ունենալու է 212 քմ, իսկ երկրորոդ հարկը՝ 165 քմ մակերես։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։ Առաջին հարկում նախատեսված են՝ հարթակ, նախամուտք, նախասրահ-աստիճանավանդակ, հյուրասենյակ, խոհանոց-ճաշասենյակ, սանհանգույց, ննջարան և աշխատասենյակ։ Երկրորդ հարկում նախատեսված են՝ նախասրահ, 4 հատ ննջարան, սանհանգույցներ, տնտեսական սենյակ և պատշգամբներ։
Օժանդակ շինությունն ունենալու է 150 քմ մակերես։ Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։