Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղա Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խերիմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք ստորագրել են այս սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով: Առաջինը, մեր ինքնիշխանության եւ անկախության հետագա զարգացման եւ ամրապնդման համար դրվել է մի շատ կարեւոր անկյունաքար, երկրորդը, մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության եւ կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլեւ ամբողջ Հայաստան-Ադրբեջանի սահմանի երկայնքով»,-ասաց նա:
Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԽ բոլոր անդամներին»։
Փաշինյանն անդրադարձավ 1-2 դետալի։
«Արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թփվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին: Մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի եւ դրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց: Այսինքն մենք ասում ենք, որ մենք ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին եւ ունեն դե յուրե իրավական նշանակություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: