Search
Close this search box.

Ալիևյան «լայաղն ու չափալաղը». Դավիթ Կարապետյան

Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ալիևը հանդես է եկել հերթական հայտարարություններով ու պահանջներով:
Մարդը, անկաշկանդ բացելով փակագծերն, ասում է՝ «Հայաստանի հետ բանակցությունները շարունակում են ընթանալ մեր կողմից պատրաստված փաստաթղթերի հիման վրա:
Այդ տրամաբանության շրջանակներում էլ Ղազախի շրջանի (Տավուշի) հողերն առանց մեկ կրակոցի վերադարձվում են մեզ։ Սահմանազատումը ու սահմանագծումն անցկացվում են մեր առաջ քաշած պայմաններով և դա մեր հերթական հաղթանակն է։
Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում. այդպես էլ շարունակվելու է, քանի որ այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»:
«Իսկ եթե մենք տեսնենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան էլ զենք է տալիս Հայաստանին ու այդ այն հասնում է կրիտիկական քանակի, թող որևէ մեկը մեզանից չնեղանա»:

Եվ հետո՝ «Մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, բոլորը պետք է մեզ հետ հաշվի նստեն։
Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»:
Ինչ վերաբերվում է միջանցքին, ապա «Բաքվից Նախիջևան կապը պետք է միջազգային մեխանիզմով լինի.
եթե ՀՀ-ն դեմ է ՌԴ սահմանապահներին, թող ասի, բայց միևնույն է՝ միջանցք պարտավոր է տրամադրի»։
Իսկ որպես նոր պահանջ վերջինս հայտարարեց, որ «Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմություն է, և եկել է «ԵԱՀԿ Մինսկի խումբը» և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։
Չկա որևէ պատճառ, որ հայկական կողմը համաձայն չլինի այս որոշման հետ»:
Ինչ խոսք, սպասելի էր, որ Ալիևի հաջորդ պահանջը լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ապալեգիտիմացումն ու լուծարումը:
Սա այն մեխն է, որն ուզում է խփել Ալիևն Արցախի հակամարտության «դագաղի» վրա՝ առհավետ «հուղարկավորելով» կոնֆլիկտն ու տապանաքար դնելով «Մինսկի խմբի» վրա:
Իսկ դրա համար անհրաժեշտ է Հայաստանի համաձայնությունը:
Մնացածը՝ տեխնիկական հարցեր են:

Եթե Հայաստանը համաձայնի և բավարարի Ալիևի պահանջը, ապա Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծման գործառույթ ստանձնած, միջազգային իրավունքով և հակամարտության կողմերից մանդատով օժտված միակ օրինական կառույցը կլուծարվի:
Դրանով «Արցախյան կոնֆլիկտ» եզրույթն ու իրավաքաղաքական գործիքն ի սպառ կվերանա միջազգային ասպարեզից:
Ընդ որում՝ Եռանախագահող երկրները «դոշ չեն տալու» Մինսկի խումբը պահելու համար:
Մանավանդ, որ համանախագահող երեք երկներն էլ ընդունել ու հարմարվել են ներկայիս ստատուս քվոյի հետ:
ՌԴ-ն վաղուց ասում է, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն, ով առ այսօր չէր եղել Արցախում «քարը փեշերից թափեց» ու գնաց Շուշի:

Ավելին՝ այնտեղից տեսանյութ հրապարակեց, որում Շուշին «Շուշա» անվանեց, ադրբեջանցի ժողովրդին էլ ողջույններ ու ջերմ խոսքեր հղեց:
Հաջորդ օրն էլ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իր գրառումով վերջինիս այցը ողջունեց:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա վերջինս այդ հարցում դեռևս պաշտոնական դիրքորոշմամբ հանդես չի եկել:
Այս պահի դրությամբ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել կոչով՝ շարունակել սահմանազատումը, հիմնվելով ապրիլի 19-ի համաձայնությունների վրա:
Ի դեպ, զուգադիպություն է թե ոչ, համենայն դեպս այս մասին խոսեց նաև երկու օր առաջ Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը:
Վերջինս ասաց, որ «Արցախյան հիմնախնդրի մանդատը, անկախ բոլոր պնդումներից, մինչև օրս ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում է, թեև թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները դուրս են եկել միջնորդների հետ բանակցություններ վարելու ուղեծրից։
Տասնամյակներ տևած և տառապանք պատճառած հակամարտությունը կարող է ավարտվել»։
Հայտարարությունն ինքնին բացարձակ ճշմարտություն է, թեպետ վերջաբանի հետ համակարծիք չեմ:
Այսպիսով Ալիևի պահանջը հստակ է, մեկնարկը տրված է:
Մնում է Հայաստանն համաձայնի:

Ավելի քան վստահ եմ, որ ՀՀ գործող իշխանություններն ևս համաձայն են վերջինիս հետ և որ այն կբավարարեն:
Նրա մինչ այս պահը բարձրաձայնած բոլոր պահանջները ՀՀ իշխանությունների կողմից կատարվել են:
Մանավանդ, երբ տեսնում ենք, թե ինչպես արտգործնախարար Միրզոյանն Աստանայում «մի ուրիշ տիպի» խունջիկլամիշ էնտուզիազմով խոսում է հայ-ադրբեջանական հարաբերություններում դրական տեղաշարժի մասին, ավելին՝ շեշտադրում, թե «Մենք կարող ենք չսահմանափակվել «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելով:
Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում. Մենք շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես՝ առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ»՝ փաստում ես, որ իրոք վերոնշյալն այդպես է, որ կա…
Մնում է տեսնենք, թե ինչ փաթեթավորմամբ է այն ներկայացվելու Հայ ազգին:
Փաստացի դարերի ընթացքում, որքան էլ որ Արցախը զավթվել է օտարների կողմից, այն երբեք չի հայաթափվել:
Իսկ հիմա այնտեղ հայ չկա:
Իսկ դա ամենահարմար նախադրյալն է՝ այսկերպ Արցախի «վերջակետը» դնելու համար:
Հուսամ՝ այսքանը բացատրելուց հետո Հայ ազգը գիտակցում է, թե ինչպիսի ճակատագրական ու անդառնալի հետևանքներով է հղի այս պայմանի բավարարումը:
Հուսամ…

Please enter a valid URL