Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու և սրբազանի հետ ողջագուրվելու համար։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, որը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Ավելի վաղ Թամամյանը հայտնել էր, որ Դանիելյանի ազատումը քաղաքական պատճառներ ունի և խոստացել էր մանրամասներ հայտնել։
Նա ուղիղ եթերում հայտնեց, որ կես ժամ առաջ բժիշկ Դանիելյանին ներկայացվել է աշխատանքից ազատման հրաման ՀՀ առողջապահության նախարարի կողմից։
«Դանիելյանը պետք է պատոնավարեր մինչև հունիսի սկիզբ, որից հետո չէր շարունակելու իր պարտականությունները , նոր մրցույթ էր լինելու, ինքն էլ թեկնածություն չէր ներկայացրել։ Այս ամենը հապշտապ ստացվեց այն պատճառով , որ օրեր առաջ բժիշկ Դանիելյանը Բագրատ սրբազանի քայլերթի ժամանակ գնացել, ողջագուրվել էր նրա հետ, և բնական է` դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն ղեկավարության մոտ։ Ենթադրում եմ, որ դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարի առաջ պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել»,–ասաց Թամամյանը։
Նա ընդգծեց, որ եթե մարդու հետ ողջագուրվելու համար այդպես են վարվում, ուրեմն դրանից բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել։ Իշխանությունը 20 օր էլ չի համբերել, որ Դանիելյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվի և այդպես վատ ձևով ազատման հրաման է ներկայացրել։
Թամամյանի խոսքով` այս անարդարությունը ոչ մի կերպ չի կարող տանել , ուստի ինքը նույնպես ներկայացրել է ազատման դիմում։
Նա հավելեց` մանկական քաղցկեղի ապրելիությունը ՀՀ–ում բժիշկ Դանիելյանի շնորհիվ 0–ից դարձել է 70 տոկոս։
Գևորգ Թամամյանը վերահաստատեց, որ աջակցում է Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժմանը և համոզված է` հաղթանակը մոտ է։