Սուրբ Աննա եկեղեցում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը պատասխանեց ի՞նչ է սպասվում ամենից շատ հնչող հարցին, ներկայացրեց նաև, թե այս օրերին ում հետ է հանդիպել և ինչ արդյունքի ակնկալիք ունեն բոլորը՝ պայքարից։
«Ես հայտարարել եմ, որ մեր օրակարգով՝ հասարակական-քաղաքական ամբողջ դաշտի գործուն դերակատարում ունեցող գործիչների՝ անհատապես և կուսակցությունների, կազմակերպությունների հետ հանդիպել եմ։ Երկու օր առաջ հանդիպել ենք երկու տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների հետ, այսօր հանդիպել ենք խորհրդարանական «Պատիվ ունեմ» դաշինքի և ՀՀԿ ներկայացուցիչների հետ, երեկ հանդիպել ենք նախկին վարչապետների՝ Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի հետ և բավականին երկար քննարկումներ ենք ունեցել․ մեր պատկերացումներն ենք ներկայացրել իրենց, նաև առաջարկներ ենք ստացել, գաղափարներ են փոխանակել, իրենց դիրքորոշումն են հայտնել։ Բոլորն էլ ներքին ոգևորություն ունեն, որովհետև տեսնում են՝ փողոցում ինչ է կատարվում, տներում ինչ է կատարվում, ամեն տեղ։ Եվ մենք պարզապես կոչված ենք այս ամբողջ էներգիան կամ այսօր ամբողջ հոսանքը հասցնել արդյունքի։ Թե այդ արդյունքն ինչ տեսքով կլինի, ճանապարհային քարտեզի մի կարևոր մասն է կազմում։
Եվ այդ արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը։ Մենք ուրիշ տարբերակ չունենք»,- ասաց Սրբազանը։