Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը շարունակվում է, և Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ կողմերը հաստատակամ կլինեն այդ հարցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին և անդրադառնալով այդ խնդրի շուրջ Հայաստանի ունեցած ռազմավարական տեսակետին։
«Այժմ հիմնական խնդիրն անվտանգությունն է։ Իսկ, ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը։ Ինչպե՞ս ենք ապահովելու անվտանգությունը մեր երկրի համար։ Վերջերս ես ելույթ ունեցա մեր խորհրդարանում՝ ասելով, որ կարծում եմ, որ անվտանգության ապահովման ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է»,- հայտարարեց Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչո՞ւ է Հայաստանն այդքան հաճախ խոսում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի մասին:
Վարչապետը լսարանի հետ կիսվեց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա-Աթայի հռչակագիրը:
«Այն ընդունվել է խորհրդային 12 հանրապետությունների կողմից՝ մատնանշելով երկու շատ կարևոր գաղափար. նախ, Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ:
Հոկտեմբերի 6-ին Պրահայում մենք քառակողմ հանդիպում ունեցանք Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց․ նախ, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Պայմանավորվել ենք նաև, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է հիմք հանդիսանա երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացի համար»,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պետք չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ գծել կամ ստեղծել, քանի որ պարզապես պետք է վերարտադրել առկա սահմանը հենց գետնի վրա։
«Այդ գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք, որ մենք հաստատակամ կլինենք դրանում»,- ասաց վարչապետը։