Հրապարակը գրում է․
Կիրակի օրը կայացած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջին փուլը հաղթահարված է։ «ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու համար։ Մեկ ձայն պակասում էր առաջին քայլի համար։ Հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին, վերջինս որոշակի մտածումներով չի մերժել միանալու այս գործընթացին… Մնացել է կարեւոր 2 հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի եւ պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պետք է լուծենք նաեւ այս հարցը»,- ասաց նա՝ միայն շեշտելով, որ վարչապետի թեկնածուն չի լինելու որեւէ կուսակցության եւ խմբակի անդամ։
Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Այսինքն՝ անհրաժեշտ է խորհրդարանի 107 պատգամավորներից առնվազն 36-ի ստորագրությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» (29) եւ «Պատիվ ունեմ» (6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր: Այսինքն, նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է եւս մեկ պատգամավորի ստորագրություն։ Եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռեւս 2021-ին դուրս եկած Իշխան Զաքարյանն իսկապես միանում է նախագծին, ապա վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը կարող է դրվել շրջանառության մեջ, սակայն բանն այն է, որ դրանով հարցը չի լուծվում։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 18 ՔՊ-ական պետք է կողմ քվեարկի դրան։ Նախագիծն ընդունելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու համար գործող օրենսդրությունը 54 կողմ քվե է սահմանում։
Ուստի շարժման ակտիվը մինչեւ չլուծի այս խնդիրը, անիմաստ է շտապել եւ այսօր-վաղը նախաձեռնությամբ հանդես գալ, մանավանդ որ նախագիծը ներկայացնելուց ամենաուշը երրորդ օրն այն պետք է դրվի քվեարկության։
Քանի որ իմպիչմենթի մասին սահմանող սահմանադրական դրույթը նաեւ նախատեսում է․ «Նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, եւ ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»։
Ավելին, անվստահության գործընթացը ձախողելուց հետո մեկ տարով Նիկոլ Փաշինյանն իմունիտետ կստանա, խորհրդարանում այլեւս չեն կարող նրան իմպիչմենթ ներկայացնել։
Տեղեկություններ կան, թե շարժման նախաձեռնողները գաղտնի քննարկումների մեջ են ՔՊ-ական որոշ պատգամավորների հետ եւ վստահեցնում են՝ ժողովրդական լայն զանգվածներ համախմբելու դեպքում առնվազն 2 տասնյակ պատգամավորի կարող են իրենց կողմը բերել, որոնք 2018-ի օրինակով Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին քվեարկած մի խումբ ՀՀԿ-ականների պես կհայտարարեն, որ ոչ թե Սերժ Սարգսյանին են դավաճանել, այլ ժողովրդի պահանջն են կատարել։
Մինչդեռ երեկ մի քանի ՔՊ-ականներ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցներում վստահեցրել են, որ իրենց խմբակցությունից որեւէ մեկը չի միանա իմպիչմենթի գործընթացին, վարդենիսցի Նարեկ Գրիգորյանը ողջ թիմի անունից է խոսել․ «ՔՊ-ի կամքը քարից էլ ամուր է»։ Իսկ Փաշինյանի քավորական ընտանիքից Վահե Ղալումյանը ծիծաղելի է համարում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտարարելու գործընթացը։ «Իմպիչմենթի օրակարգ չկա, գոյություն չունի։ Թիմում անհանգստություն բացարձակ չկա։ Գործընթաց էլ չկա, տեսնում եմ, որ շարժումը մարում է»,- ասել է նա։
Եթե հանկարծ իմպիչմենթի գործընթացը կյանքի չկոչվի կամ տապալվի, ապա ընդդիմությունը Պլան Բ-ին անցնելու հնարավորություն ունի․ խորհրդարանական երկու խմբակցությունները կարող են հրաժարվել մանդատներից, եւ կարող են նշանակվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Մենք քանիցս գրել ենք, որ երկու թիմում պարբերաբար քննարկվել է մանդատներից հրաժարվելու տարբերակը, սակայն ցուցակում ընդգրկվածներից ոչ բոլորի հետ կապված ունեն երաշխիք, որ մանդատը չեն վերցնի՝ այդպիսով խափանելով արտահերթ ընտրությունների հեռանկարը։
«Պատիվ ունեմ» խմբակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Թեհմինե Վարդանյանը, անդրադառնալով մանդատներից հրաժարվելու հարցին, ասաց․ «Ներքին քննարկումներ, որպես այդպիսին, միշտ էլ լինում են, բայց խնդիրը նրանում է, որ այդ քննարկումներից ոչինչ չի ծնվում՝ ո՛չ հրաշամանուկ, ո՛չ էլ ուռոդ: Մանդատները վաղուց պետք է վայր դրվեին: Ու, որ ամենակարեւորն է, միահամուռ: Ընդդիմադիր երկու ֆրակցիաներն էլ իրար հետ մրցակցության մեջ են: Իմպիչմենթ հայտարարելիս պետք է լավ ծանրութեթեւ անեն, հակառակ պարագայում մեկ տարվա կտրվածքով կկորցնեն հնարավորությունը: Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելուն՝ չեմ հավատում, որ միասնաբար կարվի այդ գործընթացը: Մենք շատ լավ տեսնում ու դեմքով ճանաչում ենք պատգամավորների, ովքեր մանդատները գրկել ու նստել են, ու ոչ մի օգուտ չկա իրենց մանդատներից: Եթե երկու ընդդիմադիր ցուցակների ողջ կազմը բացարկ ներկայացնի, իհարկե, ես եւս կներկայացնեմ: Սակայն, կրկին ընդգծեմ, որ թերհավատորեն եմ մոտենում այդ գործընթացին»։
Իմպիչմենթ սկսելու ժամկետների վերաբերյալ խորհրդարանական ընդդիմությունից հստակ տեղեկություն չեն հայտնում, մեզ ասացին, որ գործընթացը քննարկման փուլում է։