Քաղաքականության մեջ այսքան խորացած և նման գործունեությամբ զբաղվող անձը ինձ համար չի կարող համարվել Սրբազան, ես նրան կանվանեմ Բագրատ Գալստանյան կամ Վազգեն: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը: «Իսկ ինչ վերաբերվում է իմպիչմենտի գործընթացին, ես հարկ չեմ համարում դրան անդրադառնալ, որովհետև դուք օրակարգային հարցի մասին չեք խոսում: Եթե ինչ-որ մեկը փորձում է քաղաքական ակցիա անել և քաղաքական հայտ ներկայացնել, նման ցանկություններ, դիրքորոշումներ և երազանքներ ունի, ապա պարտադիր չէ, որ նրա ամեն ասած բան քննարկվի, մեկնաբանվի և դրան լրջություն տրվի»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե «Քաղաքացիական պայմանագրում» քննարկվու՞մ է հավանական իմպիչմենտի հարցը և արդյո՞ք անհանգստություններ կան՝ հանրահավաքների և ակցիաների հետ կապված: «Ես կարծում եմ, որ քաղաքացի Բագրատ Գալստանյանը շատ բան կարող է ասել, որովհետև նրա գործը դա է, որ ինքն ասի՝ ակցիաները բազմամարդ են, ժողովուրդը աջակցում է իրեն, սակայն մենք խորը միջնադարում չենք և շատ լավ գիտենք՝ ինչ է տեղի ունենում ՀՀ-ում, ինչից է սկսել այս ամենը, և ովքեր են թաքնվում ձեր նշած անձի հետևում կամ վեղարների փեշերի տակ: Եթե վեղարների փեշերը թափ տանք, բազմաթիվ դաշնակցականներ և հանրապետականներ կհայտնվեն, որոնք իմանալով իրենց անընդունելի լինելու մասին, փորձում են առաջին պլանում չերևալ, որպեսզի իրենց ձեռնարկած այս մի շարժումն էլ շատ արագ չվարկաբեկվի: Ամեն ինչ հասկանալի է գոնե նրանից, որ ձեր նշած անձին ուղեկցում են բոլոր այն մարդիկ, ովքեր 2018 թվականից ի վեր երազում են իշխանափոխության մասին»,-ասել է Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով հանրահավաքի մասնակիցներին:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկում խաղաղ ակցիաների մասնակիցներին, Արփինե Դավոյանն ասել է, որ այսօր՝ հետևելով ակցիայի մասնակիցներին, հասկացել է, որ ակցիաները խաղաղ չեն, ուղեկցվում են քաղաքացիների կողմից հայհոյանքներով և անեծքներով: «Եկեք հասկանանք, թե ինչի համար է այս ամենն արվում: Մարդն ասում էր, որ խաղաղ քայլելով գալիս են և իշխանափոխության պահանջ չեն դնում, և գալիս են այստեղ ու իշխանափոխության պահանջ են դնում, արդեն վարչապետի թեկնածուների անուններ է օդում պտտվում»,-ասաց պատգամավորը:
«Բագրատ Գալստանյանն անընդհատ պատասխանատվությունը գցում է Մայր Աթոռի վրա՝ ասելով, որ Վեհափառի օրհնանքով է այստեղ, նրա հովանու ներքո է այս ամենը տեղի ունենում, և եկեղեցին էլ միշտ հակամարտության մեջ է իշխանության հետ: Պիտի հասկանանք էս շարժման բովանդակությունը, և Էջմիածինը ի վերջո ե՞րբ է ասելու և ստանձնելու ողջ պատասխանատվությունը, որպեսզի այն ամբողջովին չմնա Բագրատի վրա: Նա կատարող անձանցից մեկն է, նա այս ամենի ոգեշնչողը չէ: Նրան բերել են որպես նոր դեմք, որը չի ասոցացվում նախկին իշխանության հետ»,- ասել է Արփինե Դավոյանը: