Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգին վտարված արցախցիները նամակ են հանձնել։
Նամակը, որում արտահայտված են արցախցիների պահանջներն ու ակնկալիքները, հանձնվել է մայիսի 13-ի մամուլի ասուլիսում։ Նման նամակ հանձնվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Ուղերձը հանձնած լրագրողը ընդգծել է, որ արցախցիները ցանկանում են վերադառնալ հայրենիք։
«Արդյո՞ք ԵԱՀԿ-ը փակել է աչքերը Արցախի հարցի հանդեպ։ Եթե ոչ, ապա ինչպես են ԵԱՀԿ-ում պատկերացնում վերադարձը»,- հարցրել է լրագրողը։
Ի պատասխան՝ գործող նախագահը նշել է, որ կազմակերպությունն, իհարկե. մարդկանց համար է եւ նրանց մասին։ Բայց ԵԱՀԿ-ը չի կարող ներգրավվել մի գործընթացի, որին չի մասնակցում, եւ ԵԱՀԿ-ը հարգում է երկու երկրների դիրքորոշումը։ Այսպիսով, գործող նախագահը ոչ միայն խուսափել է հարցից, այլեւ «թաղել» է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանձնյա «ճանաչեց» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ 9 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելով՝ Ադրբեջանը 2023թ. սեպտեմբերի 19-20-ին օկուպացրեց Լեռնային Ղարաբաղը, հարցը «լուծված» համարելով։