Երկու երկրների փոխվարչապետները, որոնք ղեկավարում են սահմանային հանձնաժողովները, եկել են համաձայնության՝ քննարկելու սահմանազատման գործընթացը՝ հիմք ընդունելով 1991թ․ Ալմա Աթայի հռչակագիրը։ Այս մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով սահմանազատման գործընթացին։
«Աշխարհի բազմաթիվ երկրներ և կազմակերպություններ ողջունել են այս երկկողմանի համաձայնությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահությունը։ Հավանաբար նկատել եք՝ շարունակաբար ջանքեր եմ գործադրում՝ չներքաշվելու ներքաղաքական որոշ գործընթացների մեջ, բայց, իհարկե, ես էլ քաղաքական թիմի անդամ եմ և քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում։ Եվ նաև ջանքեր եմ գործադրում՝ չանցնելու քաղաքական բանավեճի մեջ բարեկրթության սահմանները, բայց հիմա որոշ փաստեր չարձանագրել չեմ կարող։ Բազմաթիվ փորձառու դիվանագետներ, ինչպես նշեցիք, հավանաբար, այն դասալիքներն էին, որոնք լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատն այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա։ Որևէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ, և սա ամենամեղմ գնահատականն է, որն ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել։ Բայց իրականությունն ավելի վատն է։ Ականահարելով Ալմա Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը, այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ՝ գիտակցաբար, թե՝ ակամա, ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը, լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով։ Ավելին չեմ ուզում մեկնաբանել»,- ասել է Միրզոյանը։