Search
Close this search box.

«Փաստ». ԱՄՆ դեսպանատան ջանքերն ու «check in» լինող հետախուզվողը. ուշագրավ մանրամասներ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ փետրվարի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին, ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (հաղորդավարուհի Դինա Ակոպովնա,– խմբ.) և Հրաչյա Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Ըստ մեղադրանքի՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության և արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:

Մարտի 1–ին հերթական ու բավականին խիստ հայտարարություն եղավ՝ այս անգամ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Հաղորդագրության մեջ ԱՄՆ դեսպանատունն ընդգծել էր. «ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են և դրանք չեն կարող հանդուրժվել: Անդրազգային կազմակերպված հանցավորությունը, որը շահույթ է ստանում ճանապարհորդական փաստաթղթերի հետ կապված խարդախությունների միջոցով անհանգստացնում է մեզ, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանցավոր նպատակներով շահարկվում է հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվում են այլ անձանց տվյալներ և որակավորումների մասին սուտ տեղեկություններ:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի և Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P–3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են բացառիկ մշակութային գործիչներին: Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը: Ցավոք, նմանատիպ դեպքերը ստիպում են, որպեսզի հայ–ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության առնվի»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական պարի տարազով են, և հրահանգավորել են դիմողներին հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել. «Ձերբակալությունից հետո Բոյաջյանը և Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ: Ակոպովնան դեռևս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Երևանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին: Գործով քննությունը դեռ ընթացքի մեջ է»:

Հայտարարությունների ֆոնին հետաքրքրական մի հանգամանք կա: Հետախուզման մեջ գտնվող անձը, այս պարագայում հաղորդավարուհի Դինա Ակոպովնան, այդուհանդերձ Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել: Նա շարունակում է ոչ միայն աշխատել Հայաստանում, այլև սոցիալական ցանցերում պարբերաբար «check in» է լինում իր աշխատանքի վայրում: Սա բացահայտ ուղենիշ է նրա գտնվելու վայրի մասին, ինչից հետախուզվող անձը, փաստորեն, չի խուսափում: Երևույթը, սակայն, հետախուզման մեջ գտնվող անձի դեպքում մի փոքր տարօրինակ է: Նա ակտիվորեն նաև լուսանկարներ է հրապարակում:

ԱՄՆ դեսպանատունն, ըստ էության, նախազգուշացնում է՝ այսուհետ հայ–ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության կառնվեն: Չի բացառվում նաև, որ իրապես նման նպատակներ ունեցող անձինք հայտնվեն դեսպանատան ուշադրության կենտրոնում ու զրկվեն մուտքի վիզաներից:

Մինչ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է, հաղորդավարուհին, անկախ ամեն ինչից, նույն օրը գարնան առաջին օրվա մասին գրառում է կատարում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL