Այն ճանապարհով, որով ընթանում ենք, ընթանում ենք դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է: Այս մասին «Armlur.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այն մարդիկ, որոնք դեմ են սահմանազատմանը, նրանք պատերազմ են ուզում:
«Մեղրիով տարանցիկ ճանապարհ եք կառուցում, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 1925-1926 թվականների տարածքները, որով մտել է Խորհրդային Միության կազմի մեջ, դա անում է 30 948 քառակուսի կմ: Ճանաչելու է, դրանից հետո 4 տարի այդ ճանապարհը կկառուցեք, եւ ինչպես վարչապետն է ասում, ինտեգրվեք տնտեսապես, լոգիստիկ եւ այլն: Սա լուծման առաջին փուլն է: Մնացած բոլորը՝ գյուղ տալ, էս տալ, էն տալ, մեկ է, էս ինչ անում եք, գլու եք վերջին կետին՝ Մեղրիի ճանապարհին: Առանց դրա Ադրբեջանը չի համաձայնելու: Ադրբեջանը 10 տարի գումարներ է ներդնում, որ ինքը դառնա տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային, կասպյան ավազանի հարստությունների ուղի, որ իրենով ապրանքները անցնեն Թուրքիայով Եվրոպա: Մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե որն ենք ընտրում՝ այդ միության մեջ լինե՞նք, թե՞ ընտրում ենք այլ ճանապարհ: Հիմա դուք ոչ էն եք ասում, ոչ էն եք ասում, բայց ասում եք՝ պատրաստվում ենք:
Մարդիկ իրենց խնդիրը ձեւակերպել են, դնում են, օրակարգը թելադրում է գործող իշխանությունը, փորձում է հատվածային խնդիրներով տանել իր ուզած ճանապարհով: Այդպես չի լինում: Գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը»,-ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Սամվել Բաբայանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրժարական տված լիներ: Ես դրա մասին խոսել եմ նոյեմբե-դեկտեմբերի խորհրդարանում, որ ընդդիմությունը մանդատները վայր է դնում, պարտադրում գնալ նոր ընտրությունների: Սա միակ ձեւն է»:
Հարցին՝ կմիանա՞ք հայաստանում սկիզբ առած շարժմանը, նա արձագանքեց. «Էնտեղից եմ գալիս: Սրբազանին անձամբ չեմ հանդիպել: Ինչի՞ չեմ հանդիպի, ես բոլորի հետ էլ հանդիպում եմ եւ իմ տեսակետը ներկայացնում եմ»: