«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ լքված երեխային որդեգրել են, եւ նա արդեն նոր ընտանիքում է:
Այս մասին մեզ հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Նա նշեց, որ երեխայի մայրը ցանկություն չի հայտնել վերադարձնել փոքրիկին:
Ավելի վաղ անդրադարձել էինք, որ առկա է աղջկան որդեգրման հանձնելու վերաբերյալ դատարանի որոշում, բայց մինչեւ այն ուժի մեջ մտնելը հայտնաբերվել էր նորածնին լքած մայրը, որն այդ ընթացքում հնարավորություն է ունեցել դիմել եւ հետ վերցնել նրան:
Ի դեպ, ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ թե՛ երեխայի կենսաբանական մայրը եւ թե՛ որդեգրողը, ուսուցչուհիներ են, երկուսն էլ ապրում են Կոտայքի մարզում: Ու տպավորություն էր ստեղծվում, թե նրանք կարող են միեւնույն անձը լինել: Լենա Հայրապետյանը նկատեց, որ համընկնումները պատահական են:
Նորածինը Պռոշյան գյուղի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել էր նախորդ 2017 թվականի օգոստոսին: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետեւ՝ մանկատուն»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: