Search
Close this search box.

Ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում րոպեներ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջունելով ՀՀ վարչապետին` ՌԴ նախագահը նշել է, որ շատ ուրախ է հանդիպման առիթով և պատրաստ է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:

«Շատ ուրախ եմ տնտեսական ակնառու ցուցանիշների համար: ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականից աճել է 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին՝ միայն անցած տարվա ցուցանիշները բավականին խոսուն են, որն, ի դեպ, աճել է հայկական ապրանքների արտահանման շնորհիվ:

Ներկայում ունենք շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, այդօրինակ ցուցանիշ մենք երբևէ չենք ունեցել»,- նշել է Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել է, որ հանդիպման ընթացքում, միանշանակ, քննարկվելու են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, որոնց մասին, բանականաբար, հրապարակային չեն մանրամասնի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը հիշել է, որ նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին, և, իհարկե, կան կուտակված հարցեր, որոնք անհրաժեշտություն ունեն քննարկման:

«Տնտեսական հիմնական հարցերը մենք հնարավորություն ունեցանք քննարկելու ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ: Այս հանդիպմանը քննարկման առարկա կլինեն տարածաշրջանային և երկկողմ հարցերի լայն շրջանակ: Ես եւս շատ ուրախ եմ այս հանդիպման համար»,- նկատել է ՀՀ Վարչապետը:

Please enter a valid URL