ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են.
— Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:
— Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:
— Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:
— Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:
— Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:
— Հայրենիքը, ընտանիքը, անհատը:
— Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:
— Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:
— Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:
— Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:
— Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ:
— Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները»: