Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը գրում է․
Հայ-թուրք-ադրբեջանական առևտուր… Գաղտնիք չէ՝ կան պայմանավորվածություններ. Ե՛վ բացահայտ և՛ հետկուլիսային…
Ուղղակի ամեն ինչն ըստ հերթականության, գրեթե բոլորը միակողմանի զիջումների տեսքով:
Գոյություն ունի պայմանավորվածություն՝ առանց նախապայմանի տավուշյան տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասով:
Փոխարենը՝ ոչինչ…
Ո՛չ տարածք, ո՛չ երաշխիք…
Փաստացի ականատեսը դարձանք միակողմանի տարածքային զիջման:
Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ արդեն իսկ կառուցել է ողջ տրանզիտային ենթակառուցվածքը՝ սպասելով Տավուշի սահմանազատման վերջնարդյունքին, որպեսզի ի վերջո իրականացնի իր վաղեմի ռազմավարական նշանականության՝ «Մեծ Թուրան»-ի ծրագիրը:
Չեմ զարմանա, երբ փաշինյանական «խաղաղության խաչմերուկի» շրջանականերում (եթե իհարկե վերջինս շարունակի մնալ պաշտոնին) այդ միջանցքն էլ տրվի ու Տավուշում տեղի ունեցող պրոցեսների նման այն՝ որպես պաշտոնական ձևակերպում կրկին ձեռքբերում ու հաղթանակ որակվի կամ էլ որպես միակ ելք ու փրկություն, պատերազմից խուսափելու, Սյունիքն էքսպանսիայից փրկելու միջոց ներկայացվի…
Մանավանդ՝ նախադեպն ունենք.
Չե որ նա տվեց Արցախը, որ փրկի Հայաստանը, Տավուշից հանձնում է տարածքը, որ կանխի պատերազմը…
Իսկ Տավուշում, երբ ավարտվի միակողմանի զիջումները, խիստ հավանական է, որ «կիրթ ու կառուցողական Ալիևը» «գցի» խաղաղատենչ Փաշինյանին…
Չի բացառվում, որ վերջինս ինչ-որ պատճառով չշարունակի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը (Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի սահմանազատման, սահմանագծման հետ)
քանի որ խնդիր ունի դուրս գալ Սևանի ափ։
Կամ էլ որպես նոր պահանջ ներկայացնի «անկլավներն» ու արդեն իսկ առաջ քաշի ադրբեջանական իշխանամետ մամուլում շրջանառվող Վարդենիսի շրջանի 10 գյուղերի հարցը…
Ալիևն երկու օր առաջ ուղիղ ասել է՝ «Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթերի հիման վրա»…
Իսկ այս խոսքին ՀՀ իշխանությունները չեն հակադարձում…
Իսկ երբ վարչապետ կոչեցյալը թմբկահարում ու ֆետիշացնում է Ալմա-Աթայի դեկլարատիվ հռչակագիրը, զուգահեռ՝ նրա արտգործնախարար Միրզոյանն «Անադոլուին» ու «Ալ-Ջազիրային» հարցազրույց է տալիս, որում բացահայտ նշում է, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ հռչակագիրը ներառել խաղաղության պայմանագրի տեքստում՝ հասկանում ես, թե նախ որքան խղճուկ ու բոկոտն է մեր դիվանագիտությունը, թե ինչ է նշանակում իրարից անտեղյակ ու հակասական լինելը և թե որքան միամիտ, անհեռատես ու ապիկար կարող է լինի մեր ղեկավարությունը…
Էլ չեմ ասում, որ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով իրականացվելիք դելիմիտացիայի և դեմարկացիայի համար առ այսօր վերջնական քարտեզի կոնսենսուս չկա…
Իսկ Տավուշում արդեն իսկ տեղի ունեցած «դելիմիտացիոն նկարչությունը» 1976 թվականի քարտեզով էր:
Ի դեպ, Ալիևը մեկ բառ անգամ չի ասել, որ սկսված սահմանազատման գործընթացի շրջանակներում համաձայնելու է դուրս գալ Հայաստանի օկուպացրած տարածքներից:
Ընդհակառակը՝ մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ իրենց զինվորները որտեղ կանգնած են, այնտեղից ոչ մի միլիմետր չեն տեղաշարժվելու։
Ասել կուզի՝ Ալիևը չի ճանաչում Ալմա-Աթայի դեկլարացիան, որովհետև առանց կռվի չի պատրաստվում հետ տալ Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում գրաված դիրքերը, քանի որ ըստ Ալմա Աթայի բոլոր քարտեզներով դրանք համարվում են ՀՀ տարածք:
Դրա համար էլ Ալիևը երբևէ չի մեջբերում այդ դեկլարացիան որպես «խաղաղության պայմանագրի» հիմք և մաս:
Ավելին, նա ունի ալիբի.
Ադրբեջանը պետական մակարդակով չի ռատիֆիկացրել այն, հետևաբար՝ դեկլարացիան իրենց համար կրում է ֆիկտիվ բնույթ ու համարվում է լակմուսի թուղթ…
Ալիևը չի էլ թաքցնում, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը 29.8 հազար քկմ-ով, չի ճանաչում պետական սահմանը, որ սահմանազատում ասվածը դեռ չի նշանակում, թե նրանք ճանաչելու են Հայաստանի սահմանները։
Հայտնի պայմաններին զուգընթաց Ալիևը որպես պարտադիր պայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության ու Հռչակագրի փոփոխությունը, ազգային խորհրդանշաններից, միջազգային ատյաններում հայցերից հրաժարումն ու շուրջ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի ապահովումը:
Ի դեպ, մայիսի 7-ին Անկարայում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների բռնի տեղահանությանը», որտեղ նախատեսվում է քննարկել «ադրբեջանցիների պատմական ժառանգության, նրանց նախնիների հողերը վերադառնալու, ինչպես նաև արտաքսման» իրավական հետևանքների վերաբերյալ հեռանկարները…
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ՀՀ ողջ տարածքը կոչել «Արևմտյան Ադրբեջան» և այս ուղղությամբ լուրջ միջազգային աշխատանք տանել, իսկ մենք լուռ հետևում ենք…
Այս ամենը հետևողական ու ծրագրավորված աշխատանքի արդյունք է:
Հասկանալի է, որ «աշխարհը չոփով չի ծածկված» և միջազգային հանրությունն ու վերպետական կառույցները հասկանում են թուրք-ադրբեջանական նարատիվներն ու հեռահար նպատակները:
Սակայն սա չի նշանակում, որ մենք կարող ենք հանգիստ ու վստահ լինել, որ վերջիններս կփակեն նրանց ախորժակը:
Որքան էլ, որ կարիք չունենք աշխարհին ապացուցելու մեր և նրանց ով լինելը, այդուհանդերձ՝ ստիպված ենք պատասխան աշխատանքներ տանել:
Միակ ցավն այն է, որ նման իշխանությունների պարագայում այդ խրթին ու պատասխանատու աշխատանքները հավուր պատշաճի չեն կատարվելու…
Հետևությունները թողնում եմ Ձեզ…