Ինչո՞ւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը չի այցելում Շուշի, «Թուրան» գործակալությունն է հարցրել դեսպան Մարկ Լիբբիին, ով նախօրեին հարցազրույց է տվել ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների։
«Այստեղ քաղաքական պատճառներ չկան։ Ես կգնամ, երբ պատրաստ կլինեմ, ես դեռևս պատրաստ չեմ», — ասել է ամերիկացի դեսպանը։
Լրագրողներն դեսպան Լիբբիին նաև հարցրել են՝ ինչպե՞ս են ԱՄՆ-ում վերաբերում Բաքվի և Մոսկվայի ջերմ, իսկ Վաշինգտոնի հետ սառը հարաբերություններին։ Ամերիկացի դիվանագետն ի պատասխան արձագանքել է՝ Ադրբեջանը «վտանգավոր հարևանների» կողքին է ապրում, ինքը պետք է որոշի՝ ում հետ հարաբերություններ կառուցի, միաժամանակ հավելել, որ Ռուսաստանի հետ մերձեցումը «հակաարդյունավետ է»:
«Դա ագրեսոր, անարդյունավետ երկիր է, Ադրբեջանը պետք է հաշվի առնի դա և ինքնուրույն որոշի՝ ինչպես պաշտպանել իր ինքնիշխանությունը», — նշել է դեսպան Մարկ Լիբբին։
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Բաքուն, որպեսզի ԱՄՆ օրենսդիր մարմնում շրջանառվող Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրենսդրական նախաձեռնությունը չընդունվի, լրագրողի հարցին դեսպանը հրաժարվել է ուղիղ պատասխանել․ «Մարդիկ կքննադատե՞ն մարդու իրավունքների խախտումները, եթե խախտումները դադարե՞ն»։