«Ես Բաղանիսցի եմ, գիտե՛ք, մի քանի տարի էլ Բաղանիսի գյուղապետն եմ եղել, դեմքս ճանաչում են, փորձեցի գնալ, չթողեցին»,- «Փաստինֆո»-ին ասաց Նարեկ Սահակյանը` նշելով, որ ոչ մեկին թույլ չեն տվել Կիրանց գնալ: Փակել են անգամ Բաղանիսից դեպի Կիրանց, Ոսկեպար գնացող կածանը:
Նրա ընկալմամբ` ոստիկանները տհաճությամբ են անում իրենց գործը, բայց անում են։ «Ի՞նչ ասեմ, եթե 2018թ.ին իշխանության պայքար էր, հիմա դա չէ, հայրենիք ունենալ, չունենալու խնդիր է ու չես հասկանում, չուզելով , թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա , մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում։Լավ, խնդիրն իր դո՞ւռը պիտի հասնի, որ հասկանա, որ էլ չի կարողանալու այդ համազգեստը կրել ու աշխատել։ Որ երկիր չմնա,որտե՞ղ է ոստիկան աշխատելու։Բառեր չեմ գտնում»,- ասաց Նարեկ Սահակյանը` մեջբերելով
Բագրատ Սրբազանի խոսքերը. «Սա խավարի ու լույսի, ստի ու ճշմարտության պայքար է, բայց համատարած խավարի մեջ են»։
Գյուղերը, ոստիկանների կողմից պաշարված պահելու նախադեպ, մեր զրուցակիցը չի հիշում։Եղել է խնդիր, բայց դա 91-ին մայիսին է եղել, Խորհրդային զորքերի ու ադրբեջանցիների կողմից, մեծահասակներից է լսել։
1991 թ. մայիսի 6-ին մարտեր են տեղի ունեցել Ոսկեպարի համար, հայ ոստիկանների ջոկատից գյուղը պաշտպանելիս 11 զոհ են տվել, մի մասն էլ` գերեվարվել: Գերության մեջ 3 հոգի ստացած վերքերից մահացել է։ 101 օր նրանք մնացել են Կիրովաբադի բանտում, կտտանքների ենթարկվել։Այդ ժամանակ միլիցիա էր կոչվում, միլիցիայի ջոկատի տղաներն այդ օրերին իրար պահելու, միասնական ընկերական նվիրվածության ու նաև հայրենիքին նվիրվածության շնորհիվ ողջ են վերադարձել։Կորյուն անունով ղեկավար են ունեցել, ադրբեջանցիները ցանկացել են հենց նրան անընդհատ ծեծել, բայց տղաները հերթով Կորյուն են ներկայացել, որպեսզի նույն մարդուն անընհատ չծեծեն և բոլորը ողջ մնան։Այս պատմությունը նրանք պատմել էին Ոստիկանության գերատեսչական հաղորդման շրջանակներում` 7 տարի առաջ հրապարակված տեսանյութի մեջ,երբ լրանում էր Ոսկեպարի մարտերի 24 տարին։