Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի հանդիսանալու ոստիկանության ստորաբաժանման որևէ իրավահաջորդը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ Ոստիկանության գվարդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ։
«Մինչև 2025 թվականի հունվարի 10-ը նախատեսված է ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում և արդեն նշանակումից հետո երկամսյա ժամկետում ամբողջական ձևավորում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում է Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը։
«Ի տարբերություն ոստիկանության զորքերի, որն այս պահի դրությամբ գործում է այլ զորքերի բնորոշման դաշտում, ոստիկանության գվարդիան այլևս դուրս է գալու այդ կարգավիճակից, լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ այդպիսով վերացնելով երկակի կարգավիճակը, որը զուգակցվում է արտաքին և ներքին անվտանգության սպասարկման հետ և այդպիսով հանդիսանում զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը»,- ասաց փոխնախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ նախագիծը ոստիկանության բարեփոխումների հերթական շատ կարևոր փաթեթն է։
«Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա, որպես ծառայություն կդառնա անիմաստ։ Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ։
Սա կարևոր է և՛ քաղաքացուն պաշտպանելու համար, և՛ ոստիկանին պաշտպանելու համար։ Կարևոր է հանրային հաղորդակցությունը, որ մարդիկ հասկանան՝ ինչ ենք անում, ինչի ենք անում, որ մեր նպատակադրումները բոլորին պարզ լինեն և մեր նպատակադրումները աղավաղելու հնարավորություն չտանք որևէ մեկին»,- ասաց Փաշինյանը։