Search
Close this search box.

Կիրանցի հատվածում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. առաջիկա օրերին կսկսենք այդտեղի սահմանազատումը. Փաշինյան

Մենք այդ հարցին պետք է շատ լրջորեն անդրադառնանք, և ըստ էության, ամենօրյա ռեժիմով ենք քննարկում այդ հարցը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանին տրվող տարածքներում մեր գյուղացիներն ունեն սեփականության վկայականներ:

«Դա փաստ է և փաստարկ, որի հետ մենք պետք է առնչվենք, պետք է հասկանանք, պետք է ինքներս այդ ինֆորմացիան, ընդ որում՝ ոչ նոր, վերլուծենք, և այդ թեմայի հետ պետք է առնչվենք: Ընդ որում, ես մեր սիրելի ժողովրդի ներկայացուցիչներին ասել եմ, չգիտեմ հետո սա ոնց կհնչի, ինչ կմեկնաբանվի, ոնց կօգտագործվի, ոնց կշահարկվի իմ դեմ, բայց դա կարևոր է, որ ես ասել եմ: Այն ինչ-որ մենք խոսում ենք, խոսում ենք տեսական, մենք խոսում ենք քարտեզի վրա, գծի վրա, մոտավորապես, մենք չգիտենք տեղում որտեղ է լինելու, ոնց է արտահայտվելու:

Եվ Ոսկեպարի, Բերքաբերի փորձը մեզ դա է ցույց տվել: Մենք մտածել ենք տեղ, օրինակ, որ սա երևի մեր ինչ-որ մի կետից կլինի 50 մետր հեռավորության վրա, հետո սարքը ցույց է տվել, որ 100 մետր հեռավորության վրա է: Տեղ կա՝ մենք մտածել են, որ 150 մետր հեռավորության վրա կլինի, սարքը ցույց է տվել, որ 30 մետր հեռավորության վրա է: Մենք պետք է գնանք տեղում նայենք և ես մարդկանց ասել եմ այն պրոբլեմները, որոնք կարող են ծագել:

Մենք տեսնում ենք, գիտենք ակնհայտորեն եզրային սահմանն անցնում է գյուղի պռնկով, առնվազն պռնկով: Եթե ամայի տարածք լիներ, մի քանի, նույնիսկ տասնյակ մետր այս կողմ, այն կողմ, դա ոչ մի հույզ չէր առաջացնի:

Մենք չգիտենք ինչ է գետնի վիճակը, պետք է գետնի վրա աշխատենք, որ հասկանանք, բայց ես ասել եմ հրապարակային, եթե հանկարծ ծագեն այդ կարգի խնդիրներ, դա իրենց պրոբլեմը չէ, դա իմ պրոբլեմն է, իմ և կառավարության պրոբլեմն է: Եվ այո, սեփականության վկայականներ կան, փաստաթղթեր կան: Մենք չենք կարող դրանց հետ չառնչվել, չենք կարող չնկատել, չենք կարող ասել՝ չէ, չկա այդպիսի բան: Պետք է առնչվենք, պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է հասկանանք, պետք է հիմքերը պարզենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Հարցին՝ ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում, Փաշինյանը պատասխանեց. «Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ չի վիճարկում այդ սահմանը: Մենք առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովրդի կողմից, իսկ մյուս 3 կետերի շուրջ մենք լուծումներ կփնտրենք:

Հիմա, ճիշտն ասած, ես չեմ ուզում շատ աշխատանքային ինֆորմացիա բացել, այդ թվում՝ սեփականության վկայագրերը, այդ թվում՝ մնացած այլ փաստաթղթեր, որոնց մի մասը գաղտնիության և հույժ գաղտնիության, նույնիսկ հատուկ կարևորության գրիֆի ներքո են, ուսումնասիրում ենք և բնականաբար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր բնակիչների շահերը պահպանենք, պաշտպանենք, նրանց լսենք, նրանց ասածը փորձենք իրագործել, իրականացնել: Բայց ես կրկին ուզում եմ մի հանգամանքի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որի մասին խոսեցի, կարծես, առաջին հարցին ի պատասխան:

Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի սահմանը, Կիրանցը սահման չունի: Կիրանցը սահման ունի այնքանով, որքանով սահմանամերձ, սահմանապահ գյուղ է: Բայց մենք որևէ տեղում սահմանազատում իրականացնելով՝ պետք է ներդնենք այնպիսի բանաձև, որը հանկարծ այլ տարածքներում և ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով չաննյութականացնի Հայաստանի պետական սահմանը:

Այո, իհարկե, Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ սահմանը:

Եվ կրկնում եմ, որ Կիրանցում տեղի կունենա հետևյալը՝ այն հատվածները, որոնք վիճարկման ենթակա չեն, այդ թվում՝ Կիրանցի մեր սիրելի քույրերի և եղբայրների կողմից, մենք այդ հատվածում կսկսենք սահմանազատման աշխատանքները, իսկ այն 3, 4 կետերը, որոնց հետ կապված բանավեճ կա, այդ 4 կետերի շուրջ աշխատանքը կշարունակենք՝ մինչև գանք ինչ-որ մի հայտարարի և կարողանանք սեղանին դնել համոզիչ փաստարկներ, որոնք կընդունվեն որպես ճշմարտություն»,- հայտարարեց նա:

Please enter a valid URL