Իշխող վարչախումբը, զգալով համազգային ցասումի ծավալման թափն ու իր համար անկանխատեսելի հետևանքները, որոշել է սահմաններն անցնել նաև բարոյական արժեքների տիրույթում՝ գավառական ու ցածրորակ դատողություններ տարածելով խորհրդարանի ամբիոնից և սոցիալական տարբեր հարթակներից՝ հանդգնելով վարվելակերպ սովորեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ գլխավոր թիրախ դարձնելով Տավուշի մարզում հայրենակիցների ցավն ու ապրումները կիսող թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Տավուշում ծավալվող այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում միակողմանի զիջումների հակաիրավական ու հակաօրինական գործընթացն ամեն գնով տեղայնացելու վարչախմբի մանիպուլյատիվ փորձերն ու ձգտումները տապալվել են, քանի որ հակառակ սպասվածին, հենց տավուշեցիների ջանքերով ձևավորված “Տավուշը հանուն Հայրենիքի” ազգային շարժումը տարածվել է ողջ Հայաստանով։ Հասարակության լայն շերտերի մոտ այլևս սկսել է արմատավորվել, որ օրահասական խնդիրը միայն տավուշեցիներին չի վերաբերում։ Սա է պատճառը, որ խորը վախերով պայմանավորված, վարչախումբը սարսափում է հասարակական լայն համախմբումից և ներքին համերաշխության տանող ցանկացած դրսևորումից։ Հետևաբար, գործի է դրել իրեն շատ հատուկ ստի, կեղծիքի, հանրահռչակ ու ազդեցիկ անհատներին պիտակավորելու, վարկաբեկելու և սևացնելու կեղտոտ գործիքակազմը՝ սեփական ժողովրդին անդադար վախեցնելով պատերազմով և այլընտրանքի իսպառ բացակայության անհիմն թեզերով։
Դիվանագետների համահայկական խորհուրդը վերստին հաստատում է իր անվերապահ աջակցությունը “Տավուշը հանուն Հայրենիքի”՝ բացարձակապես ազնիվ, ազգային ու հայրենապաշտպան մղումներով կյանքի կոչված շարժմանը և խստորեն դատապարտում իրենց հայրենական օջախի, հողի ու ջրի, արժանապատվության ու արդարության համար ոտքի ելած մեր հայրենակիցների նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձ։
Այս պայքարը միայն Տավուշի խնդիրը չէ, այս պայքարը ողջ հայության և Հայաստանի հարցն է, պայքար՝ ստի և կեղծիքի դեմ՝ հանուն ճշմարտության և արդարության։ Եվ այս պայքարն անպայման հաջողելու է։
1 մայիսի, 2024 թ.
ք. Երևան