Search
Close this search box.

«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։

Երեկ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հարցը հանվում է օրակարգից. «Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և խնդրել է տեղափոխել այն։ Հետևաբար, հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է և հետագայում կքննարկվի»,- նշեց Ռուբինյանը։

Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել «զադնի դնել», թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի, երեկ ՔՊ-ում չունեին այս հարցի պատասխանը։ Սակայն նշենք, որ ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից: Խմբակցությունում քննարկում են, որ վերջին մեկուկես տարում նա մի քանի անգամ պաշտոն է փոխել: Եւ այդ պաշտոններում ամեն անգամ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` ՔՊ-ի անմիջական մասնակցությամբ:

Ուրբաթ օրը իշխող ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ էլ նա չի կարողացել հիմնավոր բացատրություններ տալ՝ ի՞նչն իրեն չի գոհացնում, որ անընդհատ պաշտոնի փնտրտուքների մեջ է։ ՔՊ-ում Դավիթ Խաչատուրյանին հստակ աջակցություն չեն հայտնել, ասել են, որ հարցի քննարկումից եւ իր պատասխաններից հետո որոշում կկայացնեն։ Գուցե այդ սառը վերաբերմունքն է եղել երեկվա բացակայության պատճառը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL