«Al-Jazeera»-ին տված հարցազրույցում անդրադառնալով տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Խնդիրն այն է, որ թեեւ մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, մենք տեսնում ենք, որ մեր հարեւանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ եւ միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում:
Կարևոր է իմանալ, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս, այդ իսկ պատճառով մեր կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. մենք կարծում ենք, որ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա, դա ոչ միայն տնտեսական բարգավաճման տեսանկյունից ձեռնտու կլինի տարածաշրջանի երկրներին, այլև կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր գործոն։ Այսպիսով, մենք պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ՝ հասկանալով, որ այս նախագիծը կօգնի կապել Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին։
Եթե դա իրականացվի, դա կլինի ևս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ։ Համաձայն այս հայեցակարգի՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ, բայց նաև՝ համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների»։