Չնայած այն բանին, թե ինչ են ասում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, փակված չէ եւ մոռացված չէ։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա հիշեցրել է, որ այնտեղ տեղի են ունեցել էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայերը հեռացել են իրենց տներից եւ ապաստան գտել Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անվտանգության խոցելիության բարձրացման պատճառը Լեռնային Ղարաբաղի կորուստն է դարձել, արդյունքում՝ հայկական կողմը կորցրել է «ռազմավարական խորությունը»։
Օսկանյանն ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղն ապահովում էր նաեւ բանակցային խորությունը, եւ երբ Հայաստանի իշխանություններն անտեսում են այս հարցը, նրանք կարծում են, թե դա կապահովի երկրի անվտանգությունը։ «Բայց կյանքն ապացուցում է հակառակը։ Հայաստանի իշխանությունները չեն իրականացնում Հայաստանի շահերից բխող օրակարգ, այլ ենթարկվում են Ադրբեջանի թելադրած օրակարգին։ Բայց արդեն գալիս են այն եզրահանգման, որ այդ ամենը միտումնավոր է արվում»,- նշել է նա։
Նախկին նախարարը նշել է, որ հաջողությունը բանակցություններում երկու գրավական ունի՝ բովանդակություն եւ միջնորդների պատասխանատվություն։ «Ավելի քան 30 տարի մենք բանակցություններ ենք վարել փաստաթղթի վերաբերյալ երեք հզոր պետությունների միջնորդությամբ, բայց երբ դու մի ինչ-որ պահի հրաժարվում ես այդ գործընթացից, ապա կորցնում ես ոչ միայն բովանդակությունը, որը կարող էր դառնալ հարցի խաղաղ կարգավորման հիմքը, այլեւ երեք ուժեղ երկրների միջնորդությունը»,- ընդգծել է Օսկանյանը։
Առաջին ճակատագրական սխալը նա նշել է հրաժարումն այդ գործընթացից, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է զրոյական կետից։ Պատերազմի ժամանակ դա հանգեցրեց այն բանին, որ ոչ ոք հայկական կողմին չաջակցեց, քանի որ Երեւանը նրանց ազատել էր այդ պարտականությունից։
ԱԳ նախկին ղեկավարը համոզմունք է հայտնել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, անկախ քննադատությունից, լուրջ հնարավորություններ է տվել, դրանում կային թե՛ բովանդակությունը, թե՛ միջնորդը։ «Եվ դու սկսեցիր հեռանալ այդ հայտարարությունից, եւ որ ամենավտանգավորն է՝ հրաժարվեցիր միջնորդներից եւ մեկնեցիր Բրյուսել, ինչից հետո կորցրեցիր բովանդակությունն ու միջնորդին։ Երբ նա (նկատի ունի Փաշինյանին- խմբ.) ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ապա զրկեց այս հարցում որեւէ արդյունքի հասնելու բոլոր հնարավորություններից։ Իշխանությունները բոլոր դեպքերում ոչ միայն հրաժարվեցին հայամետ լուծումներից, այլեւ փակեցին դրանք։ Փաշինյանը, վերջերս հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հնարավորություն չի տեսնում, փորձել է իսպառ փակել այդ հարցը։ Ղարաբաղյան հարցի վերադարձը օրակարգ իրատեսական է, եւ միակ խոչընդոտը այդ ճանապարհին Հայաստանի իշխանություններն են»,- ավելացրել է Օսկանյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհը եւ առանձին պետություններ պատրաստ են դրան՝ հիշեցնելով ՄԻԵԴ եւ Եվրախորհրդարանի որոշումները Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ապահովման պարտավորությունների մասին՝ միջազգային երաշխիքների դեպքում։ «Այս ամենը լուրջ հնարավորություններ է ստեղծում հարցն ադրբեջանա-հայկական բանակցությունների օրակարգ վերադարձնելու համար, ինչը կմեծացնի Հայաստանի հնարավորությունները։ Դա կթուլացնի մեր խոցելիությունը, այդ ժամանակ մենք կկարողանանք դիմակայել Ադրբեջանին, այդ թվում եւ Տավուշում։ Խաբում են նրանք, ովքեր փորձում են համոզել, որ, այդ հարցը բարձրացնելով, ավելանում են սպառնալիքները Հայաստանի համար։ Առանց դրա ցանկացած լուծում կլինի ժամանակավոր, եւ Ադրբեջանը նույնպես գիտի այդ մասին»,- ամփոփել է նախկին նախարարը։