Armlur.am-ի հարցին ի պատասխան՝ քննչական կոմիտեից հայտնել են, որ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով մեկ անձի տանում են կալանքի, իսկ մյուսները ազատ են արձակվել։
Ինչպես հայտնի է՝ 2024թ․ ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ ,Ազգային ժողովրդական բեւեռի անդամները բղավել էին՝ «դավաճան հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։
Արդյունքում, մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։