«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի համաձայն՝ նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, որը չի կարող գերազանցել 180-ը: Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:
Նախագահը կունենա ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք): Նա կունենա նաեւ պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով: Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ եւ իր ցանկությամբ կահավորված գրասենյակ: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:
Նախագծի համաձայն՝ վարչապետի նստավայրն էլ տեղակայված է լինելու Բաղրամյան 26 հասցեում:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: