Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ․ սա երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ:
«Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի նկատմամբ ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։
Ռուբեն Վարդանյանը շարունակում է Բաքվում գերության մեջ մնալ և նրա պահպման պայմանները շարունակում են վատթարանալ:
Հացադուլ սկսելուց հետո նրան զրկել են ընտանիքի հետ կանոնավոր հեռախոսազանգ ունենալու հնարավորությունից: Այսպիսով Ադրբեջանը ևս մեկ խախտում է ավելացրել միջազգային նորմերի խախտումների իր ցանկին։ Վարդանյանն այդ ընթացքում պահվել է լիակատար մեկուսացման մեջ՝ առանց առողջության համապատասխան խնամքի, բացառությամբ նրա, որ ժամանակ առ ժամանակ չափել է արյան ճնշումը։ Նրա առողջության իրական վիճակի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են պահպանվել»,- ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի տարածած հայտարարությունում:
«Մենք լրջորեն մտահոգված ենք հորս առողջության վատթարացող վիճակով, թեպետ ամենևին էլ զարմացած չենք նրա խիզախությամբ: Ցավոք, նրա պահման պայմանները միմիայն վատթարանում են։ Աշխարհն Ադրբեջանին ցույց տվեց, որ հետևում է հայ բանտարկյալների, այդ թվում՝ հորս ճակատագրին, և ես մեր ընտանիքի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ այս դժվար ժամանակահատվածում մեզ աջակցելու համար: Հուսով եմ, որ այս աճող միջազգային ուշադրությունը կհանգեցնի նրա և մյուս հայ գերիների ազատ արձակմանը մոտ ապագայում: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը շարունակել ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ ապահովելու համար առնվազն այն, որ մայիսին ի վերջո տեղի ունենա դատական նիստը՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։