Search
Close this search box.

Մարտի 1-ը դասագրքում կեղծված է ներկայացվում

Forrights.am-ը գրում է. Սերժ Սարգսյանի իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի 2008 թվականի մարտի 1-ը ջնջվի քաղաքացիների հիշողությունից։ Իշխանությունը նախընտրում է մարդկանց սպանդը մոռացության տալ, քան բացահայտել ու ոճրագործներին պատժի ենթարկել։

Հայոց պատմության 12-րդ դասարանի դասագրքում 2008-ի հետընտրական իրադարձությունների մասին աղքատիկ տեղեկատվություն է ներկայացված։ Նշվում է, թե այդ օրերին Երևանում անընդհատ հանրահավաքներ էին, ապակայունացնող իրավիճակ, տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջեւ, զոհվեց 10 մարդ, եղան վիրավորներ,

«երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն»: Դասագրքում մարտի 1-ը ներկայացնող էջի հեղինակ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն ակնհայտորեն աղավաղել է փաստերը։ Նախ՝ արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է միայն Երեւանում, ոչ թե երկրում: Երկրորդ, իրողությունների վերլուծությունը տրված է աղքատիկ, առանց ենթատեքստի ու պատմական փաստերի վերլուծության։ Անտեղյակ սովորողներին մարտի 1-ը ներկայացվում է իբրև շարքային իրադարձությունը, որին պետք չէ մեծ արժեք տալ։

Ի տարբերություն մարտի 1-ի մասին ոչ ամբողջական և թերի շարադրանքի, 12-րդ դասարանի դասագրքում բավականին մանրամասնվում և որակավորվում են Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ Վազգեն Մանուկյանի ղեկավարած Ազգային ժողովրդական միության կազմակերպած ցույցերը։ Ուղիղ խոսքով նշվում է, թե հանրահավաքների պատճառը 1996 թ-ի նախագահական «կեղծված ընտրություններն էին»։ Ակնհայտ է, որ դասագրքում խտրականություն է դրվում և իրադարձությունները մեկնաբանվում ու սովորողներին է ներկայացվում ըստ քաղաքական նպատակահարմարության․

«Սա ապացույց է, որ կրթությունը Հայաստանում խիստ իշխանական է։ Գոնե ակնհայտ փաստերի շարադրանքը հնարավո՞ր չէր դասագրքում տեղադրել, որ աճող սերունդը կարողանար գոնե մինիմալ պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին»,- հարց է բարձրացնում  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Եթե դասագրքի հեղինակը օբյեկտիվություն դրսևորեր, պիտի գրեր, որ նախագահական ընտրությունների դեմ բողոքող քաղաքացիները 10 օր շարունակ ելել են խաղաղ ցույցի, իշխանությունը խախտել է Սահմանադրությունը, մարտի 1-ի ցերեկը ծեծ ու հալածանք է եղել Ազատության հրապարակում և փողոցներում, իսկ գիշերը կրակել են ցուցարարների վրա, սպանվել է 10 ու վիրավորվել 500 մարդ․

«Թե Հայաստանը որքան է հետ շպրվել սրա պատճառով և որևէ մեկն այդ հանցագործությունների համար պատասխանատվություն չի կրել, դասագրքում գրված չէ»,- Հոդված 3 մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում նշում է պարոն Բարսեյանը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL