«Հրապարակ»-ը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, կոչ անելով իշխանություններին՝ սահմանագծում-սահմանազատումը սկսել դրանից հետո: Սրանով Վանաձորի ԵԿՄ-ն տարանջատվել էր Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ից: Երեկ տեղեկացանք, որ այդ հայտարարությունը հեռացվել է Վանաձորի ԵԿՄ-ի էջից: Ըստ լուրերի՝ կառույցին պարտադրել են հանել:
ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
Կապվեցինք ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ղեկավար Կամո Հովհաննիսյանի հետ՝ ո՞վ է ճնշել Վանաձորի կառույցին։ «Ես տեղյակ չեմ, ով հայտարարությունը դրել է, իրենից էլ ճշտեք՝ ինչի է հանել»: Իսկ Դուք համաձա՞յն եք այդ հայտարարության հետ։
«Եկեք՝ ես կամենտարիա չտամ, առավոտից էնքան հարց են տվել, էս պահին ֆիզիկապես ի վիճակի չեմ պատասխանել»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում տեղի ունեցողին։ «Հորդ աստծուն մեռնեմ, ես ոչ մի բանին կողմ չեմ»: Որ կողմ չեք ու երկրապահ եք, այսինքն՝ երկիր պահող, ինչո՞ւ քայլ չեք անում։ «Դադար տվեք»։
Ավելի ուշ հետ զանգեց նաև Զավեն Էվոյանը և խիստ հանդիսավոր հայտարարեց, որ ինքն ասելիք չունի, թե ինչու են հեռացրել հայտարարությունը։ Ճնշե՞լ են ձեզ։
«Ո՞վ կարող է մեզ ճնշել կամ մարզի նախագահին ճնշի, մեր խորհուրդը մտածել ա ու որոշել։ Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք»: Այո, որ չճնշվեիք, չէիք հանի ձեր իսկ ընդունած հայտարարությունը։ «Այ ընկերուհի ջան, տարածվել ա, կարդացվել ա, ուրեմն բավարար ա երևի»:
Մանրամասները՝ թերթի համարում: