Search
Close this search box.

Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է

Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է, ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը: Դա զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել ճանապարհը:

Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին:

Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները հանդիպել են բնակիչների հետ: Նրանք դժգոհ էին երեկ փոխվարչապետի հետ ունեցած հանդիպումից, ասացին, կոնկրետ նշվել է, որ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած: Նրանց փոխանցմամբ՝ կտեղադրվեն հատուկ նշաններ:

Վարչական ղեկավարները ևս բավականին զայրացած էին, այս պահին նրանք քննարկում են հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաները այսօր կշարունակվեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:

Նույն օրը երեկոյից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք դժգոհ են Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ փակելով դեպի Բագրատաշենի և Բավրայի անցակետեր տանող ճանապարհները:

Please enter a valid URL