«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, բայց իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչեւ վերջ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի սահմամամերձ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։
Լրատվամիջոցները գրել էին, որ երեկ կառավարության անդամների հետ հանդիպումից հետո Շահինյանը որոշել է հրաժարական տալ։
«Հրաժարական ինչու՞ եմ տալիս, ես իմ գյուղացու կողքին կանգնած եմ։ Իմ գյուղացիների, իմ գյուղի պաշտպանն եմ ու վերջ։ Իմ երկիրը պիտի պաշտպանեմ։ Հանդիպման ժամանակ ասացին՝ ինչ որոշել են, այդ էլ անելու են։ Հանդիպման արդյունքում ոչ մի փոփոխություն չեղավ։ Ասացին՝ հնարավոր է սահմանագծի փոփոխություն լինի, շեղվի, բայց Կիրանցի կողքի Խրեմլու գյուղը հանձնվելու է»,-պատմեց Շահինյանը։
Մհեր Գիրգորյանից բացի հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության այլ անդամներ։
Փաշինյանը հանձնվող գյուղերի վարչական ղեկավարներին ասել է՝ ինչ անում է, ժողովրդի համար է անում, որ երկրում խաղաղություն լինի։
«Մենք՝ բոլոր վարչական ղեկավարներով, ասել ենք՝ չենք ուզում հանձնեք այդ գյուղերը, Փաշինյանն էլ թե՝ երկրի համար եմ անում, որ խաղաղություն լինի, հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է»,-նշեց Շահինյանը։
Նշվում է, որ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, մոտ 5 ժամ։ Կամո Շահինյանի խոսքով՝ ավարտվել է գիշերը՝ ժամը 23։30-ին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ապրիլի 22-ին, որոշումներ է ստորագրել, որով Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) -Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի 2 Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ է ստեղծել։