Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Այս դավաճանական վիճակում ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել։ Ուստի կներեք, որ խոսելու եմ մեկ այլ հարցի մասին՝ հաշվի Սամվելի գործի շուրջ օրեր առաջ արձանագրված լայն հանրային համախմբումը։
Եվ այսպես՝ վերջին նորությունները.
1) Երեկ 7 մլն չափով գրավը վճարեցինք՝ 5 ժամ տևած դրամահավաքի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ ստացվել է 225 փոխանցում, որոնցից շուրջ 115-ը՝ մինչև 10 հզր դրամի չափով, իսկ շուրջ 100-ը՝ 10 հզր դրամ և ավելի։ Հաշվետվությունը կներկայացվի լրացուցիչ։
2) Խոշտանգման հոդվածով հարուցված վարույթով երեկ Սամվելը տվել է մանրամասն ցուցմունք, իսկ այսօր դեպքի վայրի զննությամբ նա հստակ ցույց է տվել դեպքի վայրը (ելնելով մեքենայի աջ ու ձախ շրջադարձները հստակ հիշելու փաստից), որտեղ արձանագրվել է 1×1 մակերեսով տրորված խոտ (հիշենք շալվարի վրայի կանաչ հետքերը)։
3) Պարզվեց՝ դեպքի վայրը փակ տարածք է, որը պատկանում է Գիտությունների ազգային ակադեմիայի մի գիտահետազոտական ինստիտուտի (կարծեմ՝ օրգանակին քիմիայի ՊՈԱԿ)
4) Պարզվեց՝ Երևանի քննչական վարչությունից դեպի «օրգանական քիմիայի» տարածք դուրս եկող դարպասը տեսանկարահանող տեսախցիկը DVR չունի, այսինքն՝ տեսագրություն պահպանված չէ։
«Օրգանականից» դեպի Ազատության պողոտա դուրս եկող դարպասին նույնպես առկա էր տեսախցիկ, բայց տեսագրությունը լինել-չլինելու հարցը դեռ պարզ չէ»։