Ֆրանսիական LE FIGARO պարբերականը հարցազրույց է հրապարակել Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ:
Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը.
– Թարմ լուրեր ունե՞ք Ձեր հորից:
Այո, բայց անուղղակիորեն, քանի որ ապրիլի սկզբից մեզ` մորս և ինձ արգելվել է նրա հետ ցանկացած շփում։ Երեկ տեղեկություն ստացանք, որ հայրս ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել: Այդ օրվանից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին:
Սա մեզ չափազանց անհանգստացնում է։ Հայրս 55 տարեկան է, նա արդեն 200 օր է հյուծվում է Բաքվի բանտում, և սա այն բանից հետո, երբ նա, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, շուրջ տասն ամիս գտնվում էր շրջափակման մեջ։ Ֆիզիկական տառապանքներին ավելանում են նաև բարոյական տառապանքները՝ նա իրավունք չունի շփվելու իր հետ միաժամանակ անազատության մեջ գտնվող Արցախի մյուս գործիչների հետ։ Նրանք, անկասկած, բոլորը գտնվում են նույն կալանավայրում, բայց չեն կարող տեսնվել կամ խոսել միմյանց հետ:
-Տեղյակ եք, արդյո՞ք Կարմիր Խաչը կարողացել է վերջերս նրան տեսակցել:
Հացադուլ սկսելուց ի վեր Կարմիր Խաչը չի կարողանում նրան տեսակցել ։
-Նրան բանտարկելուց հետո Բաքվի իշխանություններից թույլտվություն խնդրե՞լ եք Ձեր հորը տեսակցելու համար։
Հայի համար Բաքու գնալն անհնար է: Մյուս կողմից, մենք հուսով ենք, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած Ֆրանսիայից, կարող են դա անել՝ գնահատելու համար նրա, ինչպես նաև Արցախի մյուս բանտարկված գործիչների կալանքի պայմանները և առողջական վիճակը։ Դա պետք է անել հնարավորինս արագ։ Քանի դեռ ուշ չէ։
-Նրա դատավարությունը նշանակվա՞ծ է։
Այն պետք է տեղի ունենար այս տարվա հունվարին։ Հետաձգվեց մինչև մայիս, սակայն մեծ է հավանականությունը, որ կրկին կհետաձգվի։ Կասկած չկա, որ պատճառն այն է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն կարողանում ապացույցներ հավաքել նրա դեմ առաջադրված շինծու մեղադրանքների վերաբերյալ՝ ահաբեկչության ֆինանսավորում, անօրինական կամ զինված խմբավորումների ստեղծում, Ադրբեջանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում։
-Դուք պաշտոնապես միջազգային օգնություն խնդրո՞ւմ եք:
Այո, և ոչ միայն հորս փրկելու համար։ Պետք է ազատ արձակվեն բոլոր հայ ռազմագերիները, Արցախի գործիչները, ապօրինի ձերբակալված և անազատության մեջ պահվող քաղաքացիական անձինք։ Մենք հույս ենք կապում ինչպես Հայաստանի կառավարության հետ, որը վստահեցնում է, որ ջանքեր է գործադրում այս ուղղությամբ, այնպես էլ բարեկամ երկրների ու հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի ճնշում գործադրվի Բաքվի վրա։ Սա այլևս կյանքի ու մահվան հարց է։