Ժամ առաջ` արտահերթ ընտրություններ
Սա ոսկեպարցիների կամ բերքաբերցիների հարցը չէ։ Ոչ էլ Կիրանցի բնակիչների։ Թաքուն, հարյուրավոր թիկնապահներով, հեռախոսներ հավաքելով, մի քանի գյուղացու հետ անհավասար պայմաններում շուստրի ճոռոմախոսությունից հետո որոշել` սա վերադարձնում ենք, սա կիսվում ենք, սա մերն է, սա մերը չէ. ո՞վ է քեզ թույլ տվել։
Նույնիսկ եթե այդ գյուղերի բնակիչները քեզ միաձայն համաձայնություն տային, դա ի՞նչ հիմք է համապետական այս լրջագույն խնդիրը լուծելու համար։ Մեղրեցին Նոյեմբերյանում զինվորական հենակետ չի՞ պահում, կամ նոյեմբերյանցին` Վարդենիսում։ Էդ ի՞նչ հակապետական տհասություն ա` սահմանի հարցերը գնալ, գյուղացու հետ քննարկել։ Գյուղացին էդքանը տարանջատելու հատկություն ունենար` դուք ի՞նչ էիք անում իշխանության ղեկին։
Ու ո՞վ ա քեզ խաբել, որ դու մեզանից խելոք ես, ու մեզանից լավ ես կարողանում ռիսկերը գնահատել։ Ո՞վ ա քեզ խաբել, որ առանց գործընթացը լեգիտիմացնելու դու կարող ես որոշել` ինչ վերադարձնել, ինչի դիմաց։ Դու ով ես, որ իմ, չարենցավանցու, գորիսեցու փոխարեն, երկու գյուղում անկապ ժողով անելով, որոշումներ կայացնես։ Եթե այս պրոցեսը դարձել ա քո քաղաքական հավատամքը, օքեյ, գնա քաղաքական լուծման։ Ցրեք խորհրդարանը, գնացեք ընտրությունների հենց այդ օրակարգով։
Բոլորը, բացառապես բոլորը իրավունք ունեն մասնակցելու մեր պետության ապագայի, այս ցավոտ անդամահատումների որոշումների կայացմանը։ Ու դուք ոչ մեկից խելոք չեք, որ հետպատերազմյան սթրեսից հետո լոպազ լոզունգներով վերարտադրվելուց հետո նման որոշումներ կայացնեք, տարփողելով, թե բա մենք ձեզ խաբեցինք, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել…
Այդ ժամանակահատվածում միայն թերուս, բացարձակապես պետության կառավարման ունակությունից զուրկ թափառախումբը չէր կարող հաշվարկել առկա իրողությունները։ Դա ուղիղ խաբեություն էր, առանց այլևայլության։
Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով։
Դուք չեք կարող նրանցից լաչառ և պնդերես լինել, ու երկրի անդամահատման այս խայտառակ գործընթացում դուք դառնալու եք թիրախ` խորհրդարանում գործընթացի քննարկումը հիստերիկ շոուի վերածելու, լկտի ստերի ու խայտառակ մանիպուլիացիաների տարափի տակ իրական քննարկումները թաքցնելու նպատակով։ Դուք կամա թե ակամա դառնալու եք այս խայտառակ պրոցեսների լեգիտիմացման գործում թնդանոթի միս։
Ձեզ վրա խայտառակ լուտանքներ են թափելու ձեր հարցապնդումների ժամանակ, քննարկումը լինելու է բացառապես ձեզ վրա լկտի թուքումուր շաղ տալու տեսքով։
Հենց հիմա վայր դրեք մանդատները, դիմեք միջազգային կառույցներին` պահանջելով միակուսակցական խորհրդարանը պառլամենտական երկրում ճանաչել իշխանության ֆունկցիաներ իրականացնելու համար ոչ լեգիտիմ մարմին…
Որպեսզի երկիրը խուսափի քաոսից ու հակապետական պոռթկումներից` արտահերթ ընտրություններ…
Ժամ առաջ…