Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին իր դիրքորոշումը հայտնելու համար խոշտանգված ու ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դատարանի սահմանած գրավի գումարը՝ 7 միլիոն դրամը, հավաքվել է 5-6 ժամվա ընթացքում։
Հիշեցնենք՝ դրամահավաք էր հայտարարվել՝ անհրաժեշտ գումարը 2 օրվա ընթացքում վճարելու համար։ Երեկ դատարանը, քննելով Վարդանյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրա նկատմամբ կիրառել տնային կալանք ու 7 միլիոն դրամի գրավ։ 2 օր կար՝ գրավի գումարը վճարելու համար։
«Գումարը հավաքվեց։ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք։
Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 միլիոն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը։
Բոլորին շնորհակալություն։ Ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը 5-6 ժամում»,- գրել է փաստաբանը։