Search
Close this search box.

«Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտվեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:

«Էմիրեյթսում» տանտերերը վատ չէին մեկնարկել, բայց 15-րդ րոպեին գոլ ընդունեցին։ Սանեի առաջխաղացումից հետո բավականին գեղեցիկ գոլով հաշիվը բացեց Բերնարդո Սիլվան:

28-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Դավիդ Սիլվան:

Րոպեներ անց Քայլ Ուոքերի փոխանցումից հետո հաշիվը խոշոր դարձրեց Լերոյ Սանեն:

51-րդ րոպեին տուգանային հրապարակում Մխիթարյանի նկատմամբ կանոնները խախտեց Նիկոլաս Օտամենդին. մրցավարը նշանակեց 11 մետրանոց: Նշակետին մոտեցած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չկարողացավ անվրեպ իրացնել նշանակված 11 մետրանոցը. գաբոնցու հարվածը հետ մղեց Էդերսոնը:

Հանդիպումը կարևորվեց այն հանգամանքով, որ երկար ժամանակ բացակայած Գաբրիել Ժեզուսը վերադարձավ՝ փոխարինման մտնելով 86-րդ րոպեին: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հիմնականում վերահսկում էր գնդակի տեղաշարժը:

Նշենք, որ հանդիպման ընթացքում Արսեն Վենգերը փոխարինում չկատարեց:

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած 75 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արսենալը» 45 միավորով 6-րդ տեղում է:

«Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի»` 0:3

Գոլերը` Բ. Սիլվա (15), Դ. Սիլվա (28), Սանե (33)

Please enter a valid URL