«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը թեև գործում է ընդդիմադիր դաշտում, անգամ անխնա քննադատում կառավարությանը, սակայն կարևոր հարցերում պաշտպանում է իշխանություններին: Այդպես եղավ նաև ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության գործընթացի հետ կապված, երբ նրանք հայտարարեցին կոալիցիայի առաջադրած թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելու մասին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, այս խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է. «Եթե մենք անաչառ ենք մեր հարաբերություններում, մեր վերաբերմունքում, եղել են բազմաթիվ անգամներ, երբ մեր առաջարկությունները ընդունել է ՀՀԿ-ն, ընդունել է ընդդիմադիր «Ելք»-ը, և մենք չպետք է դա համարենք կաշկանդող հանգամանք: Այսինքն` բազմաթիվ հարցեր կան, որ բոլոր քաղաքական ուժերը կոնսոլիդացվում են: Սա չի նշանակում, որ մենք համագործակցում ենք քաղաքական կարևորագույն հարցերի շուրջ»:
Նա նաև պնդել է. «Մենք հանրային ցավալի սխալ ընկալում ունենք: Տպավորություն կա, թե ընդդիմություն նշանակում է քարերով հարվածել իշխանությանը: Դա ամենևին այդպես չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: