Սյունիքի մարզում «Ուրալ» մակնիշի մեքենայով զինծառայողների ձորն ընկնելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ապրիլի 12-ի վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում է ծանր կայուն։
Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած մյուս զինծառայողների առողջական վիճակում էլ դրական դինամիկա կա, նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,– նշել է Թորոսյանը։
Հիշեցնենք` զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը, ինչի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20–ը վնասվածքներ են ստացել։