Search
Close this search box.

Ընթրիքը ձախողվել է, «Արմասը» ծանր կացության մեջ է հայտնվել

Հրապարակը գրում է․
Մինչ բոլորը սպասում են, որ «Իմ քայլը» հիմնադրամը կհրապարակի Աննա Հակոբյանի եւ գործարար կանանց ընթրիքի մանրամասները, իսկ տեղեկատվությունն ուշանում է, մամուլին տարբեր լուրեր են հասնում այդ հանդիպումից: Որոշ լրատվամիջոցներ արդեն հրապարակել են որոշ մասնակիցների անունները: Համացանցում է հայտնվել Սամվել Ալեքսանյանի կնոջ` Շողերինայի, Ինստագրամում տեղադրած տեսանյութը: Նաեւ ընթրիքին մասնակցած կանանց տեղափոխած ավտոմքենաների համարանիշներն են հրապարակվել, որից պարզ է դառնում, որ մասնակիցների մեջ մի քանիսը նույն Լֆիկի հետ փոխկապակցված անձինք են, բժշկական աշխարհից են եղել, ներկա է եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանի դուստրը, «Դայմոնդ» սրահի սեփականատերը եւ մի շարք այլ կանայք` թվով 10-15 հոգի:

Ընթրիքը, ինչպես հայտնի է, կայացել է «Արմաս» գինու գործարանում: Հրավիրատոմսում նշված էր, որ ընթրիքի մասնակիցները պետք է վճարեն 1 միլիոն դրամ. «Հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվի շրջայց գործարանի արտադրական տարածքում. սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես֊վաճառք: Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ»:

Մեզ հայտնի դարձավ, որ սպասվածից շատ ավելի քիչ կանայք են մասնակցել ընթրիքին եւ մասնավորապես դրանով է պայմանավորված այն, որ չեն շտապում տեղեկատվություն հրապարակել: Ավելին` «Արմաս» գինու գործարանի ղեկավարության նկատմամբ հանրային հարձակում է սկսվել` մեղադրանքներ են տեղացել, որ «երկիր հանձնողների հետ են համագործակցում»: Ֆեյսբուքյան էջերում եւ այլ խողովակներով մարդիկ իրենց բացասական վերաբերմունքն են փոխանցել, այնպես որ կազմակերպիչները շոկի մեջ են` իրենք միանգամայն այլ արդյունք էին ակնկալում:

Please enter a valid URL