Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, արձագանքել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ցեղասպանության զոհերի անունների հրապարկման վերաբերյալ հայտարարությանը:
«Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը, ասելով «եթե իրոք մեկ ու կես միլիոն են ցեղասպանվածները, ապա կարո՞ղ եք անուններն էլ ասել»: Բայց ոչ, նախադասության վերջին բառերը կասկած չեն թողնում, նա ասում է՝ «որ մենք ընդունենք»: Ուրեմն «ընդունել-չընդունելուն» խանգարում է զոհերի թվի և նրանց անունների չիմացությունը: Բայց ոչ, նախ հասկաանանք, թե ովքեր են այդ «մենքը», քանի՞ մարդ են այդ «մենքը»: Թե՞ Անդրանիկ Քոչարյանն իրեն նկատի ունի «մենք» ասելով՝ «մենք՝ թագավորս»: Այնուամենաիվ մարդուն օգնել է պետք: Գուցե փնտրում է ու չի՞ գտնում:
Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե Ձեզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանցեք այդ անունները:
Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ: Կարող եք նաև Թուրքիա գնալ: Այնտեղ հայեր են ապրում, որոնց ընտանիքներից 30-40 մարդ են սպանվել: Եթե կարիք ունեք՝ հասցեներ կտամ: Գնացեք, պարոն Քոչարյան, ավելի ծանր գործ չէ, քան այդ անունների հիշողություններով հարյուր տարուց ավելի մորմոքվող մարդկանց մի քանի սերունդների ապրած կյանքը, որը Դուք, պարոն Քոչարյան, մի նախադասությամբ ոչնչացնում եք:
Բայց պատրաստ եմ Ձեր գործը հեշտացնել, պարոն Քոչարյան: Այդ անունները արխիվներում չեն, դրանք անշուշտ կային հայկական եկեղեցիների ծխամատյաններում, որոնք, ցավոք, դրանք Թուրիքայի արխիվներում և նախկին հայկական գյուղերի ներկայիս բնակիչների կողմից չեն պահվել: Դրանք առհասարակ չեն պահվել: Այրվել են, ինչպես հայերի դիակները: Հա, ի դեպ, այրվելու մասին: 1915թ. հայերի դիակներից ազատվելու պատասխանատու մարդ էր նշանակվել:: Նա նույնիսկ անուն ուներ՝ Տրուստո Արաս: Նրա դիվանագիտական առաջարկով սպանված հայերի դիակների կարիք չկար, հայերից պետք էր ազատվել մարդկանց կենդանի հրկիզումների, ջուրը նետելով խեղդելու միջոցով, և միայն կոտորածի անհրաժեշտության դեպքում նրանց քարանձավներում կուտակելով՝ կոտորածները հենց քարանձավներում իրականացնելը:
Բազմաթիվ աղբյուրներ կան գոմերում, եկեղեցիներում հայերին հավաքելով հրկիզելու դեպքերի մասին: Ձեզ նրանց անունները պե”տք են, պարոն Քոչարյան: Եթե այո՝ ասեք, մի նեղվեք, կուղարկեմ: Քարանձավներում կոտորածների պակաս նույնպես չկար: Պարոն Տրուտո Արասը հանճարեղ էր, մաքուր գործ էր՝ այրում ես՝ հետքեր չկան: Բայց այ՝ պարզվեցմ որ ջուրը գցելով խեղդելու առաջարկը այնքան էլ հաջող լուծում չէր: Արածանին, Եփրատը այնքան էին լցվել դիակներով, որ ջուրը վտանգավոր էր դարձել: Թունավորումները շատացել էին: Դա՝ կոտորածները դեռ նոր սկսած, մինչև հուլիս ամիսը: Իսկ առջևում դեռ այնքա~ն կոտորախներ կային: 1915թ. հուլիսի 1-ին Թալյաթ եւ Ջեմալ փաշա կոչվածները հեռագրով հրամայել էին դիակները գետերը գցելու փոխարեն թաղել: 1915-ի հուլիսի3-ին այդ հեռագրին ի պատասխան Դիարբեքիրի վալին հեռագրել էր Թալիաթին՝ «Եփրատը շատ քիչ է մոտենում մեր վիլայեթին. հավանական է Եփրատով եկող դիակները Էրզրումի և Խարփութի վիլայեթներից են: Այստեղ մեռնողներին գցում են խուլ ու խոր անձավները կամ աւելի հաճախ այրում: Հազուադեպ է անհրաժեշտություն լինում դրանք թաղել» : Այսինքն՝ արդարացել էր՝ “այդ մենք չէ, որ գետն ենք գցում, ուրիշներն են, մենք հնազանդորեն այրում ենք”:
Այդքան մարդ թաղելը հիրավի հեշտ գործ չէր, և ո՞վ էր դա անելու: Դրա համար նույնիսկ վճարող չկար: Իսկ ճանապարհներին նեխող դիակների գարշահոտը անտանելի էր և վտանգավոր: Չեմ ուզում Ջեր նուրբ հոգին վիրավորել այդ ծանրագույն տեսարաների նկարագրությամբ, պարոն Քոչարյան, դրանք իսկապես անմարդկային են: Մարդիկ են եղել, Տեր Զորի անապատներում կուտակված հայերի 500-ական խմբերին ամեն օր տարել են «մահվան ճամբար» և այնտեղ սպանել կացիններով: Ամեն օր: Հետո տուն են վերադարձել, հաց կերել (չգիտեմ՝ նախ լվացվե՞լ են, թե դա այնքան էլ կարևոր չի եղել), հավանաբար մի փոքր խաղացել իրենց երեխաների հետ պառկել՝ հանգստանալու, ուժեր հավաքելու: Ուժ էր պետք, որովհետև առավոտյան գնացել են՝ այդ ամենը կրկնելու:
Օրեր շարունակ: Ամիսներ շարունակ: Ականատեսներ կան: Ոմանց անուննել էլ գրել են: Կարո՞ղ եք հաշվել, օրինակ, ամեն օր քարավաններով ամիսներ քայլած, տանջահար, սոված, հյուծված, ուժասպառ, վիրավոր հինգ հարյուր սպանված մարդը մեկ ամսվա մեջ ընդամենը 15.000 մարդ է: Դուք 1.5 միլիոնի անուն եք ուզում: Ինկ եթե, օրինակ, 1.300.000 հազար լինի՝ հարմա՞ր է: Իսկ եթե 1.700.000 հազար լինի՞: Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան: Ցավակցում եմ, եթե Դուք հիմա սա կարդում եք: Եթե չցավակցեի՝ Ձեզ որոշ նյութեր կուղարկեի: Բայց այ Տրուտո Արասը դիմացավ և նրա առաջ բացվեց Մուստաֆա Քեմալի կառավարությունում Արտաքին գործերի նախարարի պաշտոնին տանող ճանապարհը: Հավանաբար դիակներից ազատվելու դիվանագիտական լուծումը կիրառելու համար դիակների մասին հիշողությունից ազատելու գործում: Ինչպես երևում է՝ այս գործում նույնպես հաջողություն ունի: Կայսրությունները ներքին և արտաքին հիշողություն ձևավորելու քաղաքականության մեծ փորձ ունեն: Չնայած ոչ բոլորի հիշողությունն է «լվացվում»՛:
Ներեցեք, պարոն Քոչարյան, կարծեմ սխալ բառերով եք խոսում: Չէ՞ որ բառերը երբեմն իմաստ են պարունակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։