Իսրայելը չէր կարող հակազդել Իրանի` ապրիլի 13-ի գործողությանը առանց ԱՄՆ-ի և այլ արևմտյան ու տարածաշրջանային ռազմական գործընկերների օգնության: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Հրատարակության համաձայն՝ հրեական պետությանը հաջողվել է որսալ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մեծ մասը՝ շնորհիվ ՀՕՊ համակարգերի և այլ զինատեսակների, որոնք տրամադրվել են ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների կողմից։ Ինչպես նշում է WSJ-ը, ամերիկյան, բրիտանական և հորդանանյան ռազմական ինքնաթիռները «մեծ դեր են խաղացել» անօդաչու սարքերը խոցելու գործում։
Այնուամենայնիվ, գրում է թերթը, պարզ չէ, թե արդյոք Իսրայելը, իր դաշնակիցների աջակցությամբ, կարող է կրկնել նման փորձը «տոտալ պատերազմի պայմաններում», առավել ևս միայնակ դիմակայել թշնամու հարձակմանը` հաշվի առնելով Arrow և Patriot համակարգերի բարձր արժեքը:
Հրապարակման համաձայն՝ այս հարցը մնում է առանցքային՝ Իրանի հարվածին պատասխան տալու Իսրայելի պատրաստությունների լույսի ներքո։
Ինչպես գրում են միջազգային պարբերականները, Իսրայելը կարող է շուտով միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակման: Ստույգ օրը, թե երբ հրեական պետությունը կպատասխանի հարձակմանը, չի նշվում։
Վաշինգտոնը պնդում է, որ հրեական պետությունը ոչինչ չի անում, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի: