Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արել է շատ վտանգավոր հայտարարություն: Նրա խոսքով, վարչապետն իբրեւ թե ուզում է անուն առ անուն հավաքել ցեղասպանության ենթարկված մեր 1,5 միլիոն հայրենակիցների անուն-ազգանունները, նրանց հետ կատարվածի տեղը, վայրը եւ այլն՝ հիշատակը ամբողջությամբ հավերժացնելու համար:
Առերեւույթ կարող է թվալ, թե սա կարեւոր նախաձեռնություն է: Եվ գուցե իսկապես կարեւոր է, եթե այդ նախաձեռնության մասին չբարձրաձայնվի ոչինչ, բացարձակապես ոչինչ, իսկ այն շատ շատ ներքին կարգով պարզապես հանձնարարվի ԳԱԱ որեւէ կառույցի, թեկուզ Ցեղասպանության թանգարան ինստիտուտին, որպես գիտական, ոչ թե պետական աշխատանքի առարկա:
Երբ այդ աշխատանքը բարձրաձայնվում է, այն էլ պետականորեն, ապա դրանով ստեղծվում է մի «փաստարկի» հիմք, թե՝ ցեղասպանության զոհերի թիվը այնքան է, որքան կա անուն:
Բոլորն են թերեւս պատկերացնում, թե անուն առ անուն 1,5 միլիոն մարդու պատմություն վերականգնելը, ավելի քան հարյուր տարի անց, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների եւ իրողությունների, նաեւ Հայաստան պետության ինքնուրույն կարողությունների սահմանափակվածության պարագայում՝ երբ արխիվների գերակշռող մասը թերեւս այլ պետություններում են, ինչ ահռելի գործ է: Եվ թերեւս դժվար չէ պատկերացնել, թե անգամ իրադարձությունների ամենաբարենպաստ դասավորության պայմաններում ինչ հսկայական ժամանակ է պահանջելու այդ գործը, կրկնեմ, եթե ինչ որ իդեալական դասավորության պայմաններում հնարավոր լինի տեսականորեն ավարտել այն երբեւէ:
Իսկ մինչ այդ, հիանալի եւ արագ կառուցվող «գործնական փաստարկ» է ստանալու Թուրքիան:
Եվ մնում է միայն տարակուսել, որ այդ փաստարկի «նախերգանքը» հնչում է ցեղասպանության տարելիցից տասն օր առաջ: