Իրանի արձակած հարյուրավոր հրթիռներից ու ԱԹՍ-ներից պաշտպանվելը մեկ գիշերվա ընթացքում Իսրայելին կարող էր արժենալ մինչև 1,3 միլիարդ դոլար: Այդ մասին ապրիլի 14-ին Ynet պորտալին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինախը։
«Չորսից հինգ միլիարդ շեքել (1–1,3 միլիարդ դոլար — Խմբ.) մեկ գիշերվա ընթացքում», — լրագրողներին ասել է նա` մեկնաբանելով Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման բարձր արժեքի հետ կապված իրավիճակը:
Գեներալի խոսքով` այս գումարը զգալիորեն գերազանցում է այն, ինչն Իրանը ծախսել է հարձակման համար։ Այդ իսկ պատճառով Իսրայելի գլխավոր շտաբի նախկին խորհրդականը կոչ է արել մեծացնել երկրի պաշտպանական բյուջեն։
Միևնույն ժամանակ, Իսրայելի ֆինանսների նախարարության նախկին գլխավոր տնտեսագետ Յոել Նևեն նշել է, որ պաշտպանության նոր ծախսերը կարող են խոչընդոտել տնտեսական աճի ներուժին։