Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդում այսօր դադարեցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների կնքման գործընթացը: Սերժ Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիր եւ ԱԳ նախարարին հանձնարարել այդ մասին տեղյակ պահել Թուրքիային:
Արձանագրություններն առոչինչ հայտարարելու վերաբերյալ Սերժ Սարգսյանը խոսել էր անցյալ տարի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, Թուրքիային ժամանակ տալով մինչեւ գարուն:
Թուրքիան դրել է նախապայմաններ, մասնավորապես Ղարաբաղի խնդրի մասով, որոնք անընդունելի են Հայաստանի համար: Ընդ որում, դրել է արձանագրությունները ստորագրելուց հետո: Արձանագրությունների ստորագրումը Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացրել, Բաքուն Անկարային մեղադրում էր ընդհուպ դավաճանության մեջ: Հայ եւ արտերկրի փորձագետներից շատերն այն կարծիքին են, որ Ադրբեջանին հաջողվել էր ազդել Թուրքիայի դիրքորոշման վրա: Հիշվում է՝ ինչպես էր այն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայերին խնդրում գոնե 1-2 շրջան հանձնել:
Մյուս կողմից, դա թուրք-ադրբեջանական քաղաքականության առանձնահատկությունն ու ոճն է, այս երկու երկրները սովոր են միջազգային հարաբերություններում այլ մեթոդների:
Վերադառնալով արձանագրություններին, պետք է նշել, որ Հայաստանն ինչ որ առումով «ազատեց» Թուրքիային Ղարաբաղյան նախապայմանից ու Ադրբեջանի առջեւ այդ մասով պարտավորվածությունից: Առայժմ դժվար է ասել, թե այդ հանգամանքն ինչ դեր ու ազդեցություն կարող է ունենալ հետագա զարգացումների համար:
Մյուս կողմից, առոչինչ համարելով արձանագրությունները, Հայաստանը նույնպես իր վրայից գցում է որոշակի բեռ եւ կարող է որոշակի փոփոխությունների գնալ մեկ այլ ուղղությամբ՝ Ղարաբաղի կարգավորման: Ղարաբաղի խնդրի շուրջ վերջին երկու տարիներին տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ, որոնք սակայն հայկական քաղաքականությունը լիովին համարժեք չի օգտագործել:
Իհարկե, պատճառը հայ-թուրքական արձանագրությունները չէին, բայց դրանց չեղարկումը կարող է «առիթ» դառնալ Ղարաբաղում կարգավորման քաղաքականության փիլիսոփայությունն ու ուղղվածությունը փոխելու համար: Դրա նախանշաններն արդեն կան՝ ՀՀ նախագահի նոր թեկնածուն խոսել է բանակցային թեման ու բովանդակությունը կոշտացնելու մասին:
Ադրբեջանին բանակցություններ ու կարգավորում պետք չէ, Բաքուն հստակ ցույց է տվել, որ խաղալու է այլ դաշտում՝ ուժի կենտրոններից պատերազմի «թույլտվություն» ստանալու համար: Բանակցությունները նրան պետք են այլ բանի համար՝ այդ իրավունքը կորզելու:
Դա նշանակում է, որ հայկական դիվանագիտության խնդիրը դառնում է դա թույլ չտալը: Կնպաստի՞ դրան արձանագրությունների չեղարկումը՝ կախված է այդ քաղաքականության արդյունավետությունից:
lragir.am