ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերաքննիչ դատարանն արդարացրեց ինձ և իմ պայքարի ընկերներին:
«10-ի գործ» հայտնի անունը ստացած դատավարության գործով Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի անտրամաբանական որոշումը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ մեր դեմ իրականացվում էր բացահայտ քաղաքական հետապնդում զուտ այն պատճառով, որ մենք ունենք պատիվ և գիտակցում ենք մեր Հայրենիքի արժեքը։
Առաջին հայացքից այս գործը պիտի շատ մեծ անհանգստություն չպատճառեր, ընդամենը ժամանակի վատնում և անիմաստ դատական քաշքշուկներ, բայց հենց այս գործը ծառայեցրին որպես հիմք ինձ ավելի քան 5 ամիս կալանքի տակ պահելու համար, որն էլ ԵՊՀ ռեկտորին հնարավորություն ընձեռեց ինձ համալսարանից հեռացնել:
Ինչևէ… երեք տարի անց արդարությունը վերականգնվեց, ինչի համար շնորհակալ եմ թե դատավորներին օբյեկտիվ և արդարացի որոշման համար, և հատուկ շնորհակալություն իմ փաստաբան Սերգեյ Հարությունյանին՝ սրտացավ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Հ.Գ. Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս խեղկատակ հետապնդման ոչ մի փուլում չեմ փոշմանել քայլերիս համար, ո՛չ քննչականներում, ո՛չ ձերբակալման վայրում, և ո՛չ էլ կալանավայրում։ Մեր տեսակը նահանջել չգիտի և նահանջի իրավունք էլ չունի։ Հայրենիքի համար պայքարում վճարված յուրաքանչյուր գին արդարացի է:
ՀՀԳ Հավերժ փառք մեր վաղամեռիկ ընկեր Սարգիս Կարապետյանին, ով ևս անցնում էր այս քրեական գործով։ Իրավական համակարգը, այնքան անմարդկային էր, որ
անգամ ծանր հիվանդ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ մեր ընկերոջը ստիպում էր ներկայանալ դատական նիստերին։ Հետո արդեն ստիպված նրա
մասն առանձնացվեց։ Մեր սիրելի ընկերը այս որոշումը չտեսավ։ Բայց նրա հոգին վստահ կփառավորվի, երբ կազատվենք այս ազգադավ իշխանություններից ու մեր
երկրի մեջքը կուղղենք»։