Search
Close this search box.

Ինչպես է Քոչարյանն իր ընկերոջ հացը կերել, նրա բրդե սվիտերը հագել, հետո ընկերոջը ձերբակալել

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում մի ուշագրավ դրվագ ներկայացրեց, թե ինչ տեսակ մարդ է Ռոբերտ Քոչարյանն ու ինչպես է վարվել իր ընկերոջ հետ՝ նրանց տան հացն ուտելով. «Աշոտ Մանուկյանի տանն էր քնում ինքը: Աշոտ Մանուկյանի տանը մենք հավաքում էինք Ղարաբաղ տարվող զենքը, սարքում էինք գործարաններում, բերում էինք, այդտեղ պադվալ ունեինք, այդտեղ էինք հավաքում ու Ռոբը գիտեր: Իրեն այնտեղ էինք պահում, այդտեղ էինք քնացնում, երկու անգամ այդտեղից ենք ընտրել: Հենց եկավ պրեզիդենտ դառավ, Աշոտին ձերբակալեց՝ այդ զենքի մնացորդների համար, որ մնացել էր պադվալում: Մի քիչ ֆիթիլ էր մնացել: 4 տարի հոդված դրեց: Եկավ Սերժը, էլի Աշոտին տարավ, 6 տարի հոդված դրեցին: Այսինքն, ղարաբաղյան շարժման լիդերին, որն ամեն ինչ արել է, իր սաղ կյանքը տվել է Ղարաբաղի համար, երկու հատ հոդված կերավ: մաման՝ տիկին Մարուսյան, հրաշք մի անձ էր՝ միամիտ, պարզ լոռեցի: Սվիտեր էր գործել Աշոտի համար՝ բրդե սվիտեր: Սաղ տարին գործել էր, որ ձմեռն Աշոտը չմրսի, մանավանդ շարժման տարիներն էին ցրտի: Ռոբս եկել է՝ թրջված, խեղճացած, այն ժամանակ էլ նվազ, փոքր, այդ շորը տվել էր Ռոբին, ասել էր՝ առ, հագիր, չհիվանդանաս, այ բալես: Հետո, որ Աշոտին ձերբակալեց Ռոբերտ Քոչարյանը, էս տիկին Մարուսյան գժվել էր, շշմել էր՝ ոնց, ախր ես իմ մուրազով սարքած, գործած սվիտերը տվեցի Ռոբերտին, հաց եմ տվել, իմ սպիտակեղենով, ի՛մ սարքած հացն է կերել, խի՞ երեխուս տարավ բանտը կոխեց: Էդ կինը մահացավ՝ այդպես էլ չհասկանալով, թե իր երեխու կամ իր մեղքը ո՞րն էր»: Արամ Մանուկյանը զրույցի վերջում ասաց. «Գիտե՞ս ոնց ենք Աշոտ Մանուկյանին հանել բանտից՝ կաշառքով»:

Aravot.am

Please enter a valid URL