Search
Close this search box.

Պարզվել են Գյումրի քաղաքի անչափահաս բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ, ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի անչափահաս բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:20-ին, «Գյումրու մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ բազկի հետին մակերեսի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի անչափահաս մի բնակիչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով Գյումրի քաղաքի անչափահաս բնակիչը ճանաչվել է տուժող։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրի-Արեւիկ ճանապարհահատվածի երկաթուղային գծանցի մոտ մեկ այլ անչափահասի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինիս ինքնությունը պարզվել է, որը եւս Գյումրի քաղաքի բնակիչ է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը, նշանակվել են դատաբժշկական եւ քրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Please enter a valid URL